Մարտունի. հաղթանակի սպասումով
Պատերազմի ժամանակ ռազմաճակատին հավասար մարտնչում է նաև թիկունքը: Ինչպիսի ընթացք կլինի ճակատում՝ մեծապես կախված է թիկունքում իրականացվող ճիշտ, ժամանակին և գրագետ աշխատանքից:
Բոլորս գիտենք, որ վերսկսված պատերազմի հենց առաջին պահից հրթիռակոծության և ռմբակոծության ներքո են ինչպես Մարտունի քաղաքը, այնպես և շրջանի գյուղերը: Ու նույն հերոսությունը, որ ցուցաբերվում է մարտի դաշտում, նաև թիկունքում է:
Իրականացվող աշխատանքների շուրջ զրուցեցինք Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Գևորգ Բալայանի, Վադիմ Դանիելյանի, ինչպես նաև Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի հետ:
Պատասխանատուների խոսքերով` թիկունքային աշխատանքները կազմակերպվում են բավականին մեծ օպերատիվությամբ:
Գ. Բալայանը նշեց, որ ամենօրյա ուսումնասիրվում են շրջկենտրոնում և շրջանի համայնքներում առկա խնդիրները, բավարարվում են սնունդով ու անհրաժեշտ կենցաղային իրերով` ըստ պահանջարկի: Մեծ պատասխանատվությամբ աշխատում են ինչպես համայնքների ղեկավարները, այնպես և շրջվարչակազմի այս աշխատանքներում ամրացված պատասխանատուները: Այս առումով ոչ մի խնդիր չկա:
Վ.Դանիելյանը ևս փաստեց, որ աշխատանքներն իրականացվում են ոչ միայն պարենմթերքով և անհրաժեշտ կենցաղային իրերով ապահովման ուղղությամբ, այստեղ առանձնացվեց ենթակառուցվածքների անխափան գործունեության կարևորությունը և հատկանշեց էլեկտրացանցի, կապի, ջրամատակարարման, առողջապահության, ուժային կառույցների և այլ ոլորտների աշխատողների նվիրված աշխատանքը:
Ի հավելումն վերոնշվածի՝ Մարտունու քաղաքապետն ասաց, որ անտեսելով շարունակվող հռթիռակոծությունը՝ նշված ոլորտների աշխատողներն ամեն ինչ անում են, որպեսզի թիկունքը հնարավորինս ապահով լինի: Սերտ համագործակցություն կա թիկունքի և առաջնագծի միջև, որը արտահայտվում է տարբեր աջակցությունների և աշխատանքների միջոցով:
Մարտունի քաղաքի ապաստարաններում հարյուրավոր քաղաքացիներ ունենք, ովքեր ամենօր ապահովվում են սնունդով, անհրաժեշտ իրերով: Մշտապես հետաքրքրվում են ապաստարաններում ապաստանածների կարիքներով և դրանք հնարավորինս արագ լուծում:
Ամեն ինչ առաջնագծի, ամեն ինչ հաղթանակի համար սկզբունքն իրականացվող աշխատանքի հիմքում է: Իմ ներկա գտնվելու պահին ես ականատես եղա, թե ինչպես մեր Մարտունու մսավաճառներից մեկը շրջում էր ապաստարաններով և բնակիչներին միս բաժանում: Ասում է՝ իր անասունն է մորթել ու այս կերպ փորձում է իր աջակցությունը ցուցաբերել: Հենց Մարտունիում գործող երկու հացաթխման կետում թխվում և բնակչությանն է բաժանվում հացը՝ ամեն օր, առանց բացառության:
Ինչպես շրջկենտրոնում, այնպես էլ շրջանի համայնքներում պարենային, այդ թվում՝ հացի, կենցաղային ապրանքների խնդիր չունենք, հաստատում է Գ.Բալայանը: Ամեն ինչ կատարվում է կազմակերպված:
Էլեկտրացանցի, կապի աշխատողները աշխատում են ոչ միայն շրջկենտրոնում, այլև շրջանի համայնքներում:
Ստեղծված արագ արձագանքման խմբի անդամների կողմից ևս բավականին լուրջ աշխատանք է տարվում:
Մարտունու շրջանի և համայնքի պատասխանատուները նշեցին նաև, որ աշխատանք է տարվում բնակարանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ բնույթի վնասների արձանագրման ուղղությամբ:
Թիկունքում մնացած տղամարդիկ ևս ներգրավված են թիկունքային աշխատանքներում, որին անձամբ ծանոթացա ես: Ու որ շատ կարևոր է՝ ամեն ինչ արվում է կամավոր հիմունքներով, մեծ պատրաստակամությամբ:
Աշխատանքներում մարդկանց ընդգրկում են ըստ փորձի, մասնագիտական կարողությունների: Մշտական կապը կա նաև ոստիկանության, հիվանդանոցի հետ, ամեն ինչ իրականացվում է սերտ համագործակցությամբ: Գազը շատ թաղամասերում չկա՝ վթարների ժամանակ պատահարներից խուսափելու համար:
Մարտունի քաղաքն, ինչպես և համայնքները շարունակվում են պահի դրությամբ գտնվել թշնամու հարվածների տակ, բայց չնայած փաստին՝ այստեղ շարունակում են ապրել, պայքարել՝ երկու ճակատում՝ հաղթանակի սպասումով:
«Ամարաս» թերթ
