Մարտերի ինտենսիվության նվազման պատճառն Ադրբեջանի ԶՈՒ մարտունակազրկումն է. Հովհաննիսյան (քարտեզ)
Այսօր գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է դիվերսիոն խումբ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց. ՛՛Մարտունիից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր:
Հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձ է կատարվել ծխածածկույթի քողի տակ, դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, սակայն հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։
Քիչ առաջ «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Կան տուժածներ: Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը՛՛:
Հովհաննիսյանը նաև հավելեց. ՛՛Մարտերի ինտենսիվության նվազման պատճառն Ադրբեջանի ԶՈՒ մարտունակազրկումն է:
Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ դեպքերում հակառակորդին հետապնդելիս նաև բնագծերի փոփոխություն են կատարում՛՛։