Մարտակերտում ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար է անցկացվել
Մարտակերտ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում կազմակերպվել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված հանուն հայրենիքի նահատակված ըմբիշների հիշատակին։
<<Արցախպրես>>-ի թղթակցի հետ զրույցում մրցաշարի կազմակերպիչ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ ըմբշամարտ մարզաձեւից նման հուշամրցաշար առաջին անգամ է կազմակերպվել։
«Սա կարելի է ասել մեկնարկ է հետագայում նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպելու համար։ Հույս ունենք, որ ավանդույթ կդառնա և շարունակական բնույթ կկրի»,- ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` մարտի 11-ին տեղի ունեցած մրցաշարի նպատակը պատանի մարզիկների ներուժը բացահայտելն է` հետագայում նրանց հնարավորություն ընձեռելով մասնակցելու ավելի մեծ մրցաշարերի՝ Հայաստանում , ինչպես նաև արտերկրում։
Ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արմեն Մուրադյանն ընդանուր առմամբ գոհ է իր թիմի ցուցաբերած արդյունքներից։ Մրցաշարում նրանք ներկայացրել են Ստեփանակերտը։
Մարզչի տեղեկատվությամբ մրցաշարին մասնակցել է մոտ 120 մարզիկ՝ Մարտակերտից, Մարտունուց, Ստեփանակերտից։

« Բոլորն էլ ցուցաբերել են լավ արդյունքներ»,- հավելել է Ա. Մուրադյանը։
Մարտակերտի շրջանից մասնակցություն են ունեցել միայն Չլդրանի մարզիկները, քանի որ, ըստ Նժդեհ Իսկանդարյանի, մյուս գյուղերում մարզադահլիճների խնդիր կա։ <<Նախատեսվում է մարզադահլիճ ունենալ Հաթերքում։ Փորձում ենք այս խնդիրը լուծել, որպեսզի գյուղի երեխաներն էլ մարզվեն այս սպորտաձևով և մասնակցեն մրցույթների»,- եզրափակել է նա։