երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալիքները շատ մեծ են. ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալիքները շատ մեծ են. ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար

Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի ակնկալիքներն Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստից շատ մեծ են:

«Որոշումը դեռ պետք է ընդունվի, ավելի շուտ՝ բանաձև պետք է ընդունվի, և բանաձևի ընդունման համար կայացած նիստի ժամանակ հնչած հայտարարություններն ու ելույթները բավականին համառոտ ներկայացրեցին, համապարփակ ներկայացրեցին Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը»,-կարծում է նա:

Հարությունյանը մեծապես կարևորում է շրջափակման թեման և դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետը ՄԱԿ-ի բարձրագույն մարմնում՝ Անվտանգության խորհրդում քննարկելը, և քանի որ այդ ուղղությամբ, նրա խոսքով, բավականին մեծ աշխատանք է տարվել, ուստիև ակնկալիքները նույնպես մեծ են:

«Բոլոր դերակատարներին, բոլոր երկրներին, որոնք այս պահին պատրաստ են վճռական քայլեր անելու, պատրաստ են որոշումներ կայացնելու, ներկայացվել է իրական իրավիճակը և առանց չափազանցնելու հումանիտար արդեն իսկ աղետի մասին ահազանգը բարձրացվել է՝ փաստերով և ամեն ինչով: Մենք տեսանք ելույթներում կային արդեն հստակ գնահատականներ և, իհարկե, կային երկրներ, որոնք որ ուղղակի, այսպես ասած, արձանագրային ելույթներ ունեցան։ Բնական է, չէի ասի, որ այդ երկրները այդքան խորը տիրապետում են իրավիճակին, բայց համենայնդեպս կային ելույթներ, որոնք հստակ գնահատականներ տվեցին և հույս ունենք, որ այդ գնահատականները բանաձևում պարտադիր պետք է արտացոլվեն՛՛,-նշում է Արթուր Հարությունյանը:

  • Կիսվել: