ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ այս արտահերթ հանդիպման հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է. ԱՀ ԱԳՆ

ՄԱԿ-ի ԱԽ այս արտահերթ հանդիպման հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է. ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանւը պատասխանել է լրագրողների հարցերին օգոստոսի 17-ին տեղի ունեցած արտակարգ ասուլիսի ժամանակ:

Նա, մասնավորապես, ներկայացրել է հումանիտար իրավիճակն Արցախում: Այս առնչությամբ նախարարն ասել է. ՛՛Ինչպես գիտեք` այսօրվա մեր ասուլիսի ձևաչափը փոխվել է, քանի որ րոպեներ առաջ ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ, և իմ գործընկերները չեն կարողացել Ստեփանակերտից միանալ ասուլիսին:

Ինչպես տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, արդեն ունենք սովամահության դեպք: Մենք տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ վտանգը գնալով ավելի է լուրջ դառնալու` հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք։
Միևնույն ժամանակ, հաշվի առնենք, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցնում գրեթե բոլոր կենսագործունեության ոլորտերին՝ սկսած առողջապահության համակարգից մինչև գյուղատնտեսություն։

Ինչպես նշվել է պարոն Օկամպոյի զեկույցում, այո, Ադրբեջանը շատ գիտակցաբար է սովի մատնելու գործինքն ընտրել, և միայն ու միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական կողմին՛՛։

Խոսելով այն մասին, թե ինչ կարող են անել միջազգային կառույցները, կոնկրետ ՄԱԿ-ը՝ կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, և կա՞ մի բան, որ ակնկալում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից՝ Ղազարյանը նշել է. ՛՛Ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և սա արդեն ողջունելի է։

Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեր շնորհակալությունը փոխանցել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։ Միևնույն ժամանակ մտահոգություն ունենք մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, ինչ-որ տրանսպորտային կոմունիկացիաների միջև հավասարության նշաններ դնելու փորձերի առնչությամբ, ինչն անթույլատրելի է և չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված պարամետրերին։

Այստեղ պետք է նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ այս արտահերթ հանդիպման հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է:

Կարողությունների առումով նշեմ, այո՛, հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ լիազորություններ` կանխարգելելու այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից՛՛։

  • Կիսվել: