երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ խնդիրն իրենց մեջ պիտի լուծեն միայն հայերն ու ադրբեջանցիները. Ղազախստանի դեսպան

ԼՂ խնդիրն իրենց մեջ պիտի լուծեն միայն հայերն ու ադրբեջանցիները. Ղազախստանի դեսպան

Այսօր հայ-ղազախական հարաբերություններին նվիրված գիտական համաժողովի ժամանակ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւն ասաց, որ ցանկանում է հերթական անգամ հավաստիացնել, որ Ղազախստանը ղարաբաղյան խնդրի հանդեպ բոլորովին անաչառ վերաբերմունք ունի։ «Մենք համարում ենք, որ միայն հայերը եւ ադրբեջանցիները պետք է իրենց մեջ լուծեն այդ խնդիրը»,-ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ նման դիրքորոշում հնչել է, երբ Փաշինյանը Տոկաեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան կարգավորմանը հայկական կողմի համեմատաբար նոր մոտեցումների, մասնավորապես՝ բանակցությունների նաեւ երրորդ կողմի մասնակցության մասին հարցը, սակայն Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ղազախստանը, եթե անգամ ցանկանա էլ, ոչինչ չի կարող անել ղարաբաղյան խնդրի հարցում մուսուլմանական համերաշխության հարցի հետ, քանի որ այնտեղ կանոնադրություն կա՝ համերաշխության սկզբունքների մասին:

Թիմուր Ուրազաեւն ասաց նաև. «Ղազախական կողմը ամեն անգամ բանաձեւի տեքստ է ուղարկում հայկական կողմին, որպեսզի այլ միջոցառումների ժամանակ Հայաստանին առավել մոտ տարբերակ ընդունի։ Այս ամենն արվում է երկու գործընկերների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար»։

Նա ընդգծեց, որ Ղազախստանի արտաքին քաղաքական դիրքորոշման տրամաբանությունն այն է, որ բոլորի հետ լավ հարաբերություններ ունենա՝ առանց տարածքային, տնտեսական եւ քաղաքական պահանջների։

  • Կիսվել: