ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության պետական ծրագրի շրջանակում երեք եղանակով աջակցություն կտրամադրվի
Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային մատչելիության պետական ծրագրի շրջանակում երեք եղանակով է աջակցությունը տրամադրվելու: Նախ՝ աջակցությունը կտրամադրվի բնակելի տուն կառուցելու համար, երկրորդ տարբերակը՝ բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար, և երրորդ տարբերակը՝ այն անձին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողանա ձեռք բերել կամ կառուցել իրենց տունը, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարանային պայմաններով: Այդ մասին Հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Ծրագրով նախատեսվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին տալ 3 միլիոն դրամ: Որոշակի բնակավայրերում՝ և՛ գյուղական, և՛ քաղաքային, հնարավոր կլինի ավելի շատ աջակցություն ստանալ պետությունից:
Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այժմ մշակվում է բնակավայրերի ցանկը, և առաջիկայում այն կհրապարակվի:
«Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։
Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։
Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։
Անդրադառնալով փուլային տարբերակով իրականացվելիք ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկված խմբերի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտց, որ, հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի առկա իրավիճակը Հայաստանում, պետք է կառուցապատումներ իրականացվեն, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում հնարավոր չէ լուծում տալ խնդրին, և գործընթացը կարող է հինգ տարի տևել։
Ուստի, առաջին հերթում ընդգրկվել են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդ փուլով աջակցությունը կտրամադրվի ըստ երեխաների թվի նվազման, ինչպես նաև ընտանիքի անդամների թվի մեծության։
Ըստ էության, աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկման արդյունքում կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական և քաղաքային, որոնց դեպքում, հնարավոր է, պետությունն ավելի մեծ աջակցություն տրամադրի։