շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող է արդեն իսկ ներգրավված ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում

ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող է արդեն իսկ ներգրավված ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Դավիթ Խաչատրյանն անդրադարձել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Օրինագծերի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

Ըստ փոխնախարարի՝ օրինագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվելուց հետո, ամենայն հավանականության Կառավարության հաջորդ նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը: Դրանից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել, վերականգնել իրենց կենսաթոշակ ստանալու իրավունքը և ստանալ՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշակները: Դրա համար շահառուները պետք է ներկայացնեն դիմումներ, որի համար մշակվում է առցանց հարթակ: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ շահառուներին դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ հասցեի հաշվառում:

Զարուհի Մանուչարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ից ընդունվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները: «Չորս օրվա ընթացքում արդեն իսկ ընդունել ենք 63 769 դիմում: Դիմումների ընթացակարգը նույն է՝ մյուս աջակցության ծրագրերի նման: Երկու կարևոր դիտարկում՝ դիմումներ ներկայացնելիս, ի տարբերություն նախորդ հարթակի, այս դեպքում մուտք եք գործում 50.socservice.am հարթակ կամ կարող եք նույն ընթացակարգով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ՝ socservice.am, որտեղից էլ առցանց դիմումներով հասնել այս պատուհանին: Այս աջակցության ծրագրի շրջանակում անկանխիկ ստանալու ևս մեկ հնարավորություն է տրված ՝ 75 տարեկան, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին: Բանկային քարտեր չունեցողներն աջակցության այս ծրագրի շրջանակում կարող են այն ձեռք բերել, քանի որ դիմումը լրացնելիս համակարգն առաջարկում է հնարավորություն բանկի ընտրության: Այսինքն՝ բանկի ընտրության հատվածում անհրաժեշտ է ընտրել նախընտրելի բանկը և համակարգն ավտոմատ, անվճար կարող է այդ գործընթացն ապահովել»,- ասել է Զարուհի Մանուչարյանը:

Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ևս 4136, արդյունքում՝ միանվագ դրամական այս աջակցությունը տրամադրվել է 108 336 անձի: 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերին վճարվել է 99 820 անձի:

Ինչպես նշել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված են ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: Ըստ նրա՝ կրթաթոշակների տրամադրումը կմեկնարկի ստացված տվյալների նույնականացման գործընթացից հետո: Սարգիս Հայոցյանը հիշեցրել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը:

Տեղեկացվել է նաև, որ ներկայումս շրջանառության մեջ է ԼՂ-ի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը:

  • Կիսվել: