կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԼՂ առողջապահական համակարգում ունենք խիստ ծանրաբեռնված, նույնիսկ աղետալի վիճակ. առողջապահության փոխնախարար

ԼՂ առողջապահական համակարգում ունենք խիստ ծանրաբեռնված, նույնիսկ աղետալի վիճակ. առողջապահության փոխնախարար

ԼՂ տեղափոխվող հումանիտար բեռների կազմում կա մեծ ծավալի դեղորայք: Դա, ըստ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի, որոշակի չափով է աջակցելու ԼՂ առողջապահական համակարգի ներկա վիճակին: 

«Այն աղետալի վիճակում է, քանի որ ամբողջությամբ արգելափակված է դեղորայքի, վիրակապական և այլ նյութերի մուտքը ԼՂ: Ունենք բավական դեղորայք, շուրջ 200 անվանում, դրանք կենսական անհրաժեշտության դեղորայք են` մանկահասակ երեխաների, մեծերի համար, ունենք շտապ  օգտագործվող դեղորայք` ճնշման, սրտանոթային համակարգի, հակաբիոտիկներ, հակացնցումային, հոգեմետ դեղեր, նարկոզի նյութեր, հակաուռուցքային, շատ հիվանդներ կան, որ պետք է բուժօգնությունը ստանան»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց նա:

Նազարյանի խոսքով` դեղորայքի ծավալը կազմում է մոտ 4 տոննա, կա նաև մասնավոր առողջապահական կազմակերպության կողմից որպես նվիրաբերություն փոխանցվող մեկ տոննա դեղորայք:

Ճշտող հարցին` այս ուղեբեռը եթե չհասնի, ԼՂ-ում որքանո՞վ կսրվի իրավիճակը, փոխնախարարը պատասխանեց.

«ԼՂ առողջապահական համակարգում ունենք խիստ ծանրաբեռնված, նույնիսկ աղետալի վիճակ, պլանային վիրահատություններ գրեթե չեն իրականացվում, հիվանդանոցները ծանրաբեռնված են խրոնիկ հիվանդներով, ծանր հիվանդներով, որոնք ավելի նեղ մասնագիտացված կլինիկաներ տեղափոխման կարիք ունեն: Վերջին շրջանում հիվանդների տեղափոխումը ևս դադարեցված էր, վերջին երկու օրերին եղել է, բայց դրանք խիստ ուշացած էին: Եթե այս փոքրիկ հնարավորությունը չօգտագործենք, վիճակը, կարող եմ ասել, շատ ծանր է լինելու, անգամ շտապօգնության համակարգն է դժվարանում աշխատել տրանսպորտի բացակայության պատճառով»:

  • Կիսվել: