չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում. Անդրեասյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում. Անդրեասյան

Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում՝ նաև ամսական 50 հազար դրամ՝ բացի 30 տոկոս հավելավճարից:

Այս նախագծով մենք արդեն բաշխում ենք անհրաժեշտ միջոցներն ըստ մարզերի: Պետք է ասեմ, որ բավականին մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից. այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, և դիմումների թիվը գնալով ավելանում է: Ու նաև դա է պատճառը, որ մենք զուգահեռ այլ նախագիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք, այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու և այս ընթացակարգով աշխատանքի անցնելու: Եվ պիտի ասեմ, որ մեր համակարգում արդեն աշխատում է ավելի քան 500 ուսուցիչ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված:

Նրանց մի մասը ոչ այս կարգով է աշխատանքի անցել. նրանք այն ուսուցիչներն են, որոնք հիմնականում Երևանի դպրոցներում են աշխատանքի անցել կամ ուղղակի մասնակցել են մրցույթների, բայց մենք տեսնում ենք, որ այն պահից, որ երբ մարդիկ ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, արդեն նաև շատ ավելի մեծ պատրաստակամությամբ այս ծրագրից են օգտվում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

  • Կիսվել: