Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական սկզբունքային և անարգել մուտք․ Հենրիխ Մխիթարյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ բարձրաձայնելով 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ավելի քան 30 հազար երեխաների ու նրանց ընտանիքների մասին:
«Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ ենթարկվում են շրջափակման և տանջանքների։
Գտնվելով իրենց հայրենիքում՝ նրանք հայտնվել են սովի և հումանիտար աղետի եզրին՝ չունենալով կենսական անհրաժեշտ դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների հասանելիություն։
Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունը աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն երեխաների պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն վերականգնվել:
Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական սկզբունքային և անարգել մուտք»,- գրել է նա։