կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կշարունակենք մեր առաքելությունը՝ առաջնահերթությունը տալով ներքին կյանքի խաղաղ ապահովմանը.  Արցախի ՆԳ նախարար

Կշարունակենք մեր առաքելությունը՝ առաջնահերթությունը տալով ներքին կյանքի խաղաղ ապահովմանը. Արցախի ՆԳ նախարար

Անցնող տարին, փաստորեն, հետպատերազմյան առաջին տարին էր, որը գրեթե բոլոր ոլորտների համար դժվարին կարելի է համարել: Մենք հաղթահարեցինք ևս մի փորձություն, պետք էր թեկուզ դժվար, բայց համակերպվել նոր իրողություններին, ուժեղացված պայքար տանել երկրին սպառնացող վտանգների դեմ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշել է ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

«Տարին եզրափակում ենք բավարար արդյունքներով, որի համար տարվա ամփոփման իմ շնորհակալության ու երախտագիտության հասցեատերերը Արցախի ոստիկանն ու փրկարարն են: Իհարկե, թերություններ ու բացթողումներ ևս ունենք, որոնք վերացնելու ուղղությամբ կոնկրետ աշխատանք կկատարենք 2022 թվականին: Ինչպես գիտեք, 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ ամբողջ տարածքում աճել էին հանցագործությունների, մասնավորապես` անձնական ունեցվածքի գողության դեպքերը: Պատերազմից հետո արձանագրվել են խարդախություն կատարելու եղանակով դրամաշորթության բազմաթիվ դեպքեր, իրավախախտումներ՝ տեղահանված բնակիչների հանդեպ: Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ տեղի ունեցան արցախաադրբեջանական շփման գծում, քիչ չէին թմրամիջոցների ապօրինի աճեցման ու իրացման, ինչպես նաև այլ տարատեսակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները: Սրանք բացահայտելու, ԱՀ բնակիչների հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ներքին ու արտաքին սպառնալիքների դեմ պայքարելու համար ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ջանք չի խնայել: Իհարկե, արձանագրված դեպքերի բացահայտումը, առավել ևս` դրանք բացառելը կամ գոնե նվազագույնին հասցնելը ժամանակատար ու աշխատատար առաջադրանք է, որը ոստիկանության ծառայողները կատարել են 24-ժամյա ռեժիմով»,- ասել է ՆԳ նախարարը։

Կ. Սարգսյանի խոսքով` 2021թվականը ԱԻ պետական ծառայության փրկարարների համար ևս փորձություններ հաղթահարելու, տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու տարի էր: «Ամբողջ տարվա ընթացքում, իհարկե որոշակի ընդհատումներով, հոգեբանական ու ֆիզիկական բազմաթիվ դժվարություններով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շարունակվել են որոնողական աշխատանքները: Սակրավորական խմբերն իրենց հերթին, պատերազմի առաջին օրվանից առայսօր, Արցախի ամբողջ տարածքը մաքրում են չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Տարվա ընթացքում հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին, նրանց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել` նաև խաղաղ պայմաններում», - մանրամասնեց նախարարը` շնորհակալություն հայտնելով համածառայակիցներին` անձնվեր աշխատանքի համար։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև գալիք տարում ոլորտի առաջնահերթություններին:

«Նոր տարին նորովի դիմավորելու առումով, իսկապես, հնի ու նորի այս խաչմերուկը լավ հնարավորություն է հետ նայելու, անցածի բացթողումներն արձանագրելու, ապագայում նոր գաղափարներ իրագործելու առումով: Մենք կշարունակենք մեր առաքելությունը՝ առաջնահերթությունը տալով ներքին կյանքի խաղաղ ապահովմանը: Կշարունակենք ուժեղացված ծառայություն ու մշտադիտարկում իրականացնել հանրապետության ողջ տարածքում, դրան զուգահեռ՝ նաև համակարգային բարեփոխումների համալիր ծրագիրը և կստեղծենք այնպիսի երաշխիքներ ու պայմաններ, որ ՆԳՆ յուրաքանչյուր ծառայող իր պարտականությունն իրականացնի ժամանակակից պայմաններում, համալրված նյութատեխնիկական բազայով: Իսկ կառույցը որակյալ ու բարեկիրթ կադրերով համալրումը ոչ միայն կարևոր է, այլև՝ անհրաժեշտություն: Մշտապես փոփոխվող աշխարհում մեր խնդիրը եղել է ու կմնա իրականության համընկալումն ու իրավիճակին համապատասխան գործելը», - նշեց Կ. Սարգսյանը:

Շնորհավորելով մեր հայրենակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ նախարարը մաղթում է, որ 2022 թվականն Արցախի ու Հայաստանի համար լինի հոգևոր միասնության, համերաշխության, տնտեսապես կայուն զարգացման, համազգային նպատակների իրականացման և բարեկեցության տարի:

  • Կիսվել: