Կորցրածը վերագտնելու հույսով... Մի կնոջ պատմություն
35-ամյա Ռաիսա Սահակյանն ամուսնու և երեք որդիների հետ մինչ Արցախյան 44-օրյա պատերազմն ապրում էր բերդաքաղաք Շուշիում:
Պատերազմից հետո բազմաթիվ ընտանիքների պես ստիպված եղան տեղահանվել հարազատ Շուշիից: Երիտասարդ ընտանիքն այսօր փորձում է իրեն վերագտնել Ստեփանակերտում:
«Արցախյան առաջին պատերազմից հետո՝ 1996 թվականին, հայրական ընտանիքով Մարտունու շրջանի Եմիշճան համայնքից տեղափոխվեցինք ու բնակություն հաստատեցինք Շուշիում: Գյուղում դպրոցն ութամյա էր, պետք է հիմնական կրթություն ստանայինք: Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Շուշիի Ագրարային համալսարանում, իսկ այնուհետև աշխատանքի անցել վերանվանված և Ստեփանակերտում վերաբացված Շուշիի Տեխնոլոգիական համալսարանում: Սկզբնական շրջանում ամուսնուս հետ Շուշիում վարձով էինք ապրում, հետո տուն գնեցինք: Զուգահեռ նաև գյուղատնտեսությամբ էինք զբաղվում, մեր աշխատանքի արդյունքը վաճառքի հանում։ Չհասցրեցինք, սակայն, լիարժեք վայելել։ Սկսվեց չարաբաստիկ պատերազմը»,-<<Արցախպրես>>-ի թղթակցին պատմել է Ռ. Սահակյանը:
Նա նշել է` տուն ու տանիքից զրկվելը ծանր է, բայց հարազատի կորստի ցավն անչափելի է։ Ռաիսայի եղբայրը հերոսաբար նահատակվել է 44-օրյա պատերազմում։ «Եղբայրս զոհվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիի պաշտպանության ժամանակ։ Միշտ անթերի էր կատարում իրեն վստահված մարտական առաջադրանքը։ 77 օր շարունակ փնտրում էինք նրան, մինչև առերեսվեցինք դառը ճշմարտությանը>>,-ներկայացրել է Ռ. Սահակյանը։
Ըստ մեր զրուցակցի` հատկապես այս ծանր ժամանակաշրջանում պետք է փորձել ուժեղ լինել։ Ինքն իր հերթին գիտակցում է, որ երեք զավակների մայր է և պարտավոր է չհուսահատվել, ամուր կառչել հայրենիքին և շարունակել ապրել ու արարել։
«Ոչ մի դեպքում չենք կարող զիջել այս հողը, որովհետև դրա համար մղվող պայքարը չի սկսվել 44-օրյա պատերազմի ընթացքում, այն դարեր ի վեր գոյություն է ունեցել, այն մեր արյան ու գենի մեջ է: Անհնար է թողնել Արցախն ու հեռանալ, այս է մեր հայրենիքը»,-ընդհանրացրել է պատմության հերոսուհին։