հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են. ԱՀ պետնախարար

ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են. ԱՀ պետնախարար

Նախքան դեպքի մասին իմ կողմից հայտարարություն անելը, ես անընդհատ կապի մեջ էի գտնվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչների ու ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ, ով ուղեկցում էր նրան ու հանդիսացել է իրադարձությունների ականատեսը: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ արձագանքելով ՛՛Հետքի՛՛ դիտարկմանը, թե երեկ իր կողմից տեղեկություն էր հրապաարակվել ԿԽՄԿ միջոցով Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն արգելանքի վերցնելու մասին: Նշվել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը մեր քաղաքացու հետ է, իսկ քիչ անց հայտարարություն է տարածել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, ում պնդմամբ՝ մեր քաղաքացին առևանգվել է: Տպավորություն է, որ հակասություն կա այդ հայտարարություններում:

՛՛Հայտարարություն անելու պահին ինձ տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները սահմանափակել են Վագիֆ Խաչատրյանի ազատությունը և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ միասին առանձնացել՝ հեռանալով անցակետից և նրանց տեղափոխելով անցակետից որոշակի հեռավորությամբ տեղակայված հատված: Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնել են, որ ԿԽՄԿ ներկայացուցչին այդտեղից հետ են ուղարկել անցակետ, իսկ Վ. Խաչատրյանին առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին արդեն հայտարարությունը տարածել էր ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նշվածից հետևում է, որ իրականում ոչ թե հակասություն է, այլ իրադարձությունների հաջորդական նկարագրություն՛՛,-ասել է Ներսիսյանը::

Խոսելով գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի ու առողջական վիճակի մասին՝ պետնախարարը նշել է. ՛՛Երեկ ես, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Ներքին գործերի նախարարը հանդիպում ենք ունեցել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանիի հետ ինչպես առանձին, այնպես էլ Վ. Խաչատրյանի հարազատների հետ միասին, այնուհետև հարազատների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ: Երկու դեպքում էլ հավաստիացումներ են ներկայացվել, որ ամեն ինչ արվելու է մեր քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ, սակայն մենք նման անարդյունք հավաստիացումներ շատ ենք լսել, հիմա սպասում ենք արդյունքների:

Օրվա վերջին ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վ. Խաչատրյանը արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, սակայն ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել:

Այսօր կրկին հանդիպում է նախատեսվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք հիմա և ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել հետագայում՛՛:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:

Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։

  • Կիսվել: