երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ հարյուրավոր տուժածներ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն

ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ հարյուրավոր տուժածներ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ժնևյան կենտրոնակայանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում երեկ տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ, ահազանգել՝ հարյուրավոր տուժածներ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն։
 
«ԿԽՄԿ թիմերը բժշկական պարագաներ են տրամադրում և օգնում շտապօգնության մեքենաներով բժշկական տարհանում կազմակերպել»,- ասված է հաղորդագրության մեջ: 
 
ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը նշել է, որ սա բացարձակ ողբերգություն է հարյուրավոր մարդկանց համար, որոնք այժմ տառապում են սարսափելի այրվածքների պատճառով: Նա մտահոգություն է հայտնել՝ իրավիճակը բարդանում է, քանի որ հիվանդանոցներում այլևս տեղ չկա, իսկ ծանրաբեռնված երթևեկության պատճառով շտապօգնության մեքենաների տեղաշարժը սահմանափակված է: 
 
Հայտարարության համաձայն՝ ԿԽՄԿ բժշկական թիմը տեղում օգնում է բժշկական օգնություն տրամադրել տուժածներին, իսկ ծանր այրվածքներ ունեցող մարդկանց բուժման համար անհրաժեշտ պարագաներն առաքման փուլում են: 
 
«ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում որոշում կայացնողների հետ՝ ավելացնելու բժշկական տարհանումները»,- նշել է Բաուերը:

  • Կիսվել: