հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խաղաղապահները քաղաքացիներ են տեղափոխել փակ միջանցքով Արցախից Հայաստան եւ Հայաստանից Արցախ

Խաղաղապահները քաղաքացիներ են տեղափոխել փակ միջանցքով Արցախից Հայաստան եւ Հայաստանից Արցախ

Երեկ ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ:

Հայտնում են Արցախի Հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:

Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները:
 
Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում և Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղություններով երթևեկելու կարիք ունեցող հազարավոր անձանց: 
 
Այս մասին տեղեկությունը տեղեկատվական շտաբն է փոխանցել՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության կառավարությունը ապօրինի է համարում 2022թ. դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակումը և ապրիլի 23-ից ադրբեջանական անցակետի գոյությունը, ընդգծում է այդպիսի պայմաններում Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական բազմաթիվ իրավունքների շարունակական ու սրվող խախտումների առկայությունը, շեշտադրում է Լաչինի միջանցքի՝ Եռակողմ հայտարարությամբ ամրագրված և ՄԱԿ-ի դատարանի որոշմամբ հաստատված ռեժիմի հրատապ վերականգնման և անվտանգության նախատեսված նվազագույն պայմանների ապահովման անհրաժեշտությունը, հայտարարում է, որ նախքան Լաչինի միջանցքի ռեժիմի լրիվ վերականգնումը՝ Արցախի կառավարությունը հնարավորինս կփորձի ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և ուղեկցությամբ ապահովել իր քաղաքացիների հրատապ մարդասիրական կարիքների բավարարման համար միջանցքով որոշակի տեղաշարժը: 
 
Հենց վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ միջանցքի ռեժիմի խախտման ու Արցախի շրջափակման պայմաններում միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբանվել որպես ադրբեջանական ապօրինի հսկողությունը լեգիտիմացնող և այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական գոյություն չունեցող իրավազորությունն ընդունող գործողություն:

  • Կիսվել: