չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խաչենցի Խաչիկի success story-ն և ԱՀ գյուղնախարար Մուսայելյանի խոստումը. «Արցախում լույսը երբեք չի մարելու»

Խաչենցի Խաչիկի success story-ն և ԱՀ գյուղնախարար Մուսայելյանի խոստումը. «Արցախում լույսը երբեք չի մարելու»

Պատերազմից հետո ամենածանր հարվածը Արցախում գյուղատնտեսության ոլորտն է ստացել: Գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանն ասում է՝ երկրի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շուրջ 80 տոկոսը մնացել է թշնամու տիրապետության տակ: Բացի այդ, նաև՝ մեծաթիվ կենդանիներ, գյուղտեխնիկա ու տարբեր ենթակառուցվածքներ: Մինչդեռ մինչ պատերազմը հենց գյուղատնտեսությունն էր հանդիսանում պետության տնտեսության լոկոմոտիվը: Ոլորտի երբեմնի դիրքերը վերականգնելու համար, ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշում է նախրար Մուսայելյանը շատ ջանք պետք է գործադրել:  

Բայց ելքը գտել են ու ծրագրում են Արցախի ունեցած տարածքները նպատակային օգտագործել: «Այժմ գյուղատնտեսության ինտենսիվացում ու տարբեր ծրագրեր են իրականացվում, որի արդյունքում բերքը կլինի պաշտպանված, բերքատվությունը՝ բարձր: Ունենք տարածքներ, որոնք մինչ այդ չէին մշակվում, ու հիմա փորձում ենք դրանք ներառել մշակության տակ և աստիճանաբար մեր ունեցած մշակվող տարածքները կշատացնենք՝ ի հաշիվ չօգտագործվող տարածքների»,- մանրամասնում է նախարարը Մուսայելյանը:

Հակակարկտային ցանցերի անցկացման ծրագրով, նրա խոսքով, նպատակ ունեն պահպանել բերքը տարերային աղետներից, իսկ ջերմոցային տնտեսության հիմնման ծրագրով՝ ավելացնել բերքատվության ծավալները:

«Մեծ ջանք ենք գործադրում, որ հնարավոր լինի ունեցած տարածքներով ավելի շատ մթերք, համախառն արտադրանք ստանալ: Եթե ասենք, որ կարճ ժամկետում կկարողանանք հասնել ինքնաբավության վերին շեմին, միանշանակ սխալ կլինի, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, փորձում ներդրումներ ներգրավել»,- նշում է Մուսայելյանը:

Պատերազմից հետո Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հեռագնա արոտավայրերում ենթակառուցվածքների կառուցման նոր ծրագիր է իրականացնում: «Ունենք արոտավայրեր, որոնք բնակավայրերից ահագին հեռու են, և այնտեղ անասնապահությամբ զբաղվելն այնքան էլ շահավետ չէ, քանի որ չկան ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ: Այս ծրագիրը նորություն է, որի շրջանակներում նախատեսել ենք տրամադրել վագոն տնակներ, կենդանիների պահման պայմանների բարելավման համար, վերակառուցում ենք ջրային աղբյուրները, արևային կայաններ ենք տրամադրում այն ֆերմերներին, որոնց ֆերմաները մինչ այժմ էլեկտրիֆիկացված չեն: Արցախում լույսը երբեք չի մարելու»,- ծրագրի էությունը ներկայացնելով` հավաստում է նախարարը:

Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման դեպքում նախարարը հույս ունի՝ Արցախի գյուղատնտեսության ոլորտը ոտքի կկանգնի և երկրի ՀՆԱ-ում կմոտենա իր նախկին առաջատար դիրքերին:

«Ռեսուրսների կորստից հետո կարճ ժամկետում դժվար է արձանագրել նախկին ցուցանիշները, բայց մոտ ցուցանիշներ կարող ենք ապահովել»,- եզրափակում է նա:

Մեր խնդրանքով և նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանի ուղեկցությամբ հանգստյան օրերին այցելում ենք այն ֆերմաներից մեկը, որը պատերազմից հետո օժանդակություն է ստացել պետությունից էլեկտրաֆիկացման ծրագրի շրջանակներում: 

Ուղղություն ենք վերցնում դեպի Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ, որի մոտակայքում արդեն 15 տարի իր ֆերմերային տնտեսությունն է զարգացնում Խաչատուր Գրիգորյանը` կամ ինչպես արցախցիներն են նրան անվանում` Խաչենցի Խաչիկը: 

Խաչիկի տնտեսությունը հանգրվանել է Ասկերանի մի գեղատեսիլ անկյունում` շրջապատված մի կողմից լեռներով, մյուս կողմից սաղարթախիտ անտառով: Ինչպես պատմում է աննկարագրելի դրական էներգետիկայով  լեցուն, կենսախինդ 40-ամյա Խաչիկը` ֆերման այս հատվածում եղել է դեռ սովետական տարիներից և դեռ սովետական տարիներից այն էլէկտրաֆիկացված չի եղել:

15 տարի Խաչիկի ֆերման լույս չուներ. 15 տարի նա իր անասուններին պահել, մեծացրել է լամպի կամ լապտերի լույսի տակ: «Ատամավ լապտերը բռնում ինք, կովը կթում»,- մասնագիտական հմտություններով կիսվում է Խաչիկը: Սակայն վերջերս պետության աջակցությամբ Խաչիկի ֆերման վերջապես լուսավորվեց` նրան տրամադրվեց արևային համակարգ: «15 տարի փոքր երեխու նման լույս էի ուզում, ու հիմա, փառք Աստծո, լույս ունենք: Երեկ Հայաստանից անասուն առնող էր եկել, ասում եմ՝ եկեք նայեք, հիմա լապտերի տակ չի, լույսը վառել եմ, սաղ երևում ա լի»,- ուրախանում է Խաչիկը:

Բայց Խաչիկը եղածով հեշտ բավարարվողներից չէ: «Դեռ պիտի հասնիմ, որ ջրի հարցն էլ լուծվի: Հրեն Գևորգյանը գիտի, էշավ ենք ջուրը կրում: Էշն էլ սատկի, հինչ պիտի անինք»,- ասում է Խաչիկը և հարցական հայացքն ուղղում դեպի գյուղնախարարության ներկայացուցիչը: Վերջինս հավաստում է. «Լուծելու ենք, ջուր լինելու է»:

Խաչիկն էլ իր հերթին խոստանում է. «Դե որ էդքանը անիք, խոստանումիմ անասուններիս գլխաքանակը կհասցնիմ 100-ի»: Ֆերմերը որոշել է անասունների գլխաքանակի ավելացման հետ միասին կաթի վերամշակման արտադրամաս էլ հիմնի, սեփական անարատ կաթից պանիր արտադրի` դրա համար Հայաստանից արդեն համապատասխան սերտիֆիկատ էլ է ստացել:

Արցախի պետհամալսարանն ավարտած, առավոտյան 4:30 իր աշխատանքային եռուզեռը սկսող և կեսգիշերին մոտ այն ավարտող Խաչիկի պլանները այսքանով չեն սպառվում: «Եշի, հինչ սիրուն բնություն ա, շտեղ էլ հանգստյան գոտի իմ սարքելու»,- պատմում է Խաչիկը` խոստանալով մեր հաջորդ գալուց արդեն հյուրընկալություն կազմակերպել նորաբաց հանգստի գոտում:  

ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանն էլ իր հերթին պատմում է, որ պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում  անասնաբուծության զարգացման ծրագրերի վրա: Այդ ծրագրերի շրջանակում օգնում են ֆերմերներին էլեկտրիֆիկացնել, ջրաֆիկացնել անասնաֆերմաները: Բայց ծրագրի շահառու դառնալու համար կա նախապայման՝ պետք է խոստանան, որ 7 տարի անասնապահությամբ են զբաղվելու:

«Պետությունն աջակցում է ֆերմերին, սուբսիդավորում նրա ծախսերը, բայց ինքն էլ պետք է խոստանա, որ շարունակելու է զբաղվել գործով, զարգացնել բիզնեսը, այդպիսով՝ նաև տնտեսությունը»,- նշում է Ռադիկ Գևորգյանը:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչն ասում է՝ 2022-ի բոլոր ծրագրերը կազմվել են, ջրագծերի անցկացման հարցը կներառեն 2023-ին իրականացվելիք ծրագրերում:

 

  • Կիսվել: