Կարմիր շուկայում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 4-ին, Tech Week Artsakh 2021-ի շրջանակում ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) գումարտակի կամավորների նախաձեռնությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ի հիշատակ ՈՄԱ 157 գումարտակի զոհված մարտիկների։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՏՁՄ տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Այնուհետև ելույթ ունեցավ ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարության անունից խորին շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար։

Իր շնորհակալական խոսքն է հղել «ՈՄԱ» հրաձգային գումարտակի ներկայացուցիչներին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը, ով պատերազվի ժամանակ եղել է Կարմիր Շուկա- Թաղավարդ բնագծի շտաբի պետը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև «ՈՄԱ» հրաձգային գումարտակի դիպուկահար Իշխան Գևորգյանը, ով իր մարտական ընկերների հետ միասին պատերազմի ժամանակ պայքարել է հանուն Կարմիր Շուկայի պաշտպանության։

Միջոցառմանը Կարմիր Շուկա համայնքի բնակչության անունից շնորհակալական խոսք է ասել համայնքի բնակիչ Դերենիկ Հարությունյանը։

«Աշխարհը առաջ է գնում և թվայնացվում է։ Մեր կրթության կայուն ապագան պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացմամբ։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք կանք, այս հողի տերն ենք, շարունակելու ենք ապրել, արարել, ստեղծել, շատանալ ու հզորանալ մեր երկրում, կերտելու ենք մեր վաղվա ապագան, և Արցախը միշտ մերն է լինելու, Արցախում ծնվելու են գիտնականներ, ինժեներներ, քաջարի զինվորներ։ Հավատացած եղեք, որ վաղը մենք գիտելիքով ենք կարողանալու հաղթել թշնամուն, այլ ոչ թե զենքով»,- հավաստիացրել է համայնքի բնակիչը։



