հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում. Արցախի նապագահը՝ ՀՀ իշխանություններին

Կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում. Արցախի նապագահը՝ ՀՀ իշխանություններին

Իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Այս մասին իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դիմելով հայրենակիցներին՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արցախի իմ հայրենակիցներին՝ չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը: Ուրախ եմ, որ այդ հարցում Արցախում առկա է լրիվ միասնական մոտեցում: Այդ առումով, ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ՝ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ՛՛:

Արայիկ Հարությունյանը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ հորդորելով ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին:

՛՛Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարևոր մասը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: