երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ինչպե՞ս է տեղահանված ընտանիքը հաղթահարում շրջափակման դժվարությունները

Ինչպե՞ս է տեղահանված ընտանիքը հաղթահարում շրջափակման դժվարությունները

Հադրութից 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 65-ամյա Ռուզաննա Վարդանյանը դեռ բնօրրանից մնացած ավանդույթի համաձայն՝ գարնանամուտին նախապատրաստվում է վարդի թփերն էտելով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ պատերազմից հետո տևական ժամանակ Արցախում տուն են փնտրել՝ սկզբում հանգրվանելով Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, ապա տեղափոխվել շրջկենտրոն:

«Խնապատում մեզ լավ են հյուրընկալել, սակայն չկային կոմունալ հարմարություններ, բացի այդ թոռնիկս պետք էր դպրոց հաճախեր, որը բավականին հեռու էր տնից, այստեղ պայմաններն ավելի հարմար էին»,-ասում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո չեն հասցրել ժամանակին դիմել և օգտվել պետական աջակցության ծրագրերից: Վերջին օրերին դիմել են Ասկերանի շրջվարչակազմի գյուղբաժնին՝ կարտոֆիլի սերմացու ստանալու համար, սակայն դեռ պետք է սպասեն, քանի որ Հայաստանից պետք է բերվեր:

«Շրջափակման հետևանքով առաջացած այս խնդիրը կարող է կրկին հանգեցնել բանջարաբոստանային արտադրանքի պակասի»,-Ռ. Վարդանյանը՝ հավելելով, որ բանջարաբոստանային մշակությունից ստացված արտադրանքն իրենց ընտանիքի ապրուստի կարևոր աղբյուրներից է:

Այս պահին տիկին Ռուզաննան 40 քառակուսի մետր հողակտորում հասցրել է կանաչի ցանել, բացի այդ նախատեսում է նաև լոլիկ, վարունգ մշակել։

«Բանջարաբոստանային մշակության մեջ այժմ փորձում եմ ներդնել Հադրութում ունեցած մեթոդներս ու փորձը, որպեսզի ստացված բերքի համը նման լինի այնտեղի հողից ստացվածին»,-անկեղծանում է նա:

Ներկայում ապրում է որդու, հարսի ու երկու թոռնիկների հետ։ Շրջափակման հետևանքով որդին ևս, հազարավոր մարդկանց նման զրկվել է աշխատանքից , որը տան հիմնական եկամտի աղբյուրն էր։ Թոռները փոքր են, նրանց անհրաժեշտ է հատուկ խնամք։ Ավագն այս տարի է սկսել հաճախել դպրոց, իսկ կրտսերը չի կարող հաճախել մանկապարտեզ, որը փակվել է շրջափակման պատճառով:

Ընտանիքի ավագ զավակը Հադրութի կարոտից շարունակ մտահոգ է, անընդմեջ նույն հարցն է տալիս.

«Երբ ենք գնալու Հադրութ»: Այդուհանդերձ, լավատեսությունն է այս օրերին տիկին Ռուզաննայի ընկերը՝ համոզմամբ, որ ժամանակավոր է ամեն ինչ, այս էլ կանցնի:

  • Կիսվել: