«Իմ պարտքն եմ համարում Արցախի համայնքներում վեր հանել շնորհաշատ երիտասարդների». Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Ստեփանակերտում հանդես է եկել դասախոսությամբ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Արցախի գիտական կենտրոնի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ Ստեփանակերտի ավագ դպրոցների բնագիտական հոսքի աշակերտների համար:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասախոսության ժամանակ Արեգ Միքայելյանը անդրադարձավ աստղագետի գործիքների կարևորությանը, Գալիլեո Գալիլեյի, Վիկտոր Համբարձումյանի հայտնագործություններին, աշխարհի խոշորագույն ցամաքային աստղադիտակների առանձնահատկություններին, ժամանակակից աստղագիտության զարգացման միտումներին և մի շարք այլ հարցերի:
ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ մեր գիտակրթական կյանքում սկսվում է նոր փուլ:
«Մենք սկսելու ենք մեծ տեղ տալ և քայլեր ձեռնարկել աստղաֆիզիկայի զարգացման ուղղությամբ: Մենք խմբակներ կբացենք դպրոցներում բոլոր այն երեխաների համար, ովքեր հետաքրքրված են աստղերով և տիեզերքով: Կարծում եմ՝ մենք իսկապես կարող ենք աստղաֆիզիկայի բնագավառում նվաճումներ ունենալ ու մեր տեղը գտնել աշխարհի գիտակրթական դաշտում», - նշեց Լ. Ղարախանյանը:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը կարծում է, որ Արցախի գիտական կենտրոնում բացված աստղադիտական լաբորատորիան հիմք կհանդիսանա աստղագիտական կրթության զարգացման և երիտասարդ կադերի պատրաստման հարցում:
«Իմ խորին համոզմունքն է, որ Արցախում, առավել ևս՝ հեռավոր գյուղերում, ապրում են պոտենցիալ Համբարձումյաններ, և ցավալի է, որ լավ հնարավորություններից օգտվում են միայն մայրաքաղաքներում ապրողները: Դրա համար իմ պարտքն եմ համարում, նաև այցելել Արցախի համայնքներ, գիտելիքով կիսվել, հայտնաբերել շնորհաշատ երիտասարդների և օգնել նրանց, որպեսզի լավ մասնագիտական աճ ունենան, քանի որ ամբողջ մարդկության առաջընթացը ապահովում է գիտության զարգացումը», - մեզ հետ զրույցում նշեց Ա. Միքայելյանը: