չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն․ Վարչապետ

Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն․ Վարչապետ

Ես չեմ ցանկանում ընդհանրապես նման սցենար քննարկել, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե հանկարծ Արցախում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, ո՞րը կլինի ՀՀ գործողությունը։

«Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն», - ասաց նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իր՝ նախկինում արած հայտարարությանը, թե քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանականությունը շատ մեծ է, Փաշինյանն արձագանքեց․ «Սա ֆիքսենք, բայց մյուս կողմից էլ ասվում է, թե կա շարժում՝ Հայաստանի վարչապետին արգելելու խաղաղության պայմանագիր ստորագրել։ Չեմ ուզում շատ վատ օրինակներ բերել, Խորհրդային Միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց։ Նման իրավիճակներ պատմության մեջ եղել են։ Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Ոչ միայն բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը կապահովվի խաղաղություն։ Մեր մտահոգությունն ինչ է՝ նույնիսկ այդ պարագայում կարող է չապահովվել խաղաղությունը, որովհետև եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ։  Այն, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն՝ պարզ է, բայց խաղաղության պայմանագրի բացակայությունն էլ կրկնապատկում է պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ»։

  • Կիսվել: