շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները

Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, և տարբեր պետական բուհերում նույն կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վճարների չափերը 2023-24 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների: Ցանկերում ներառված բուհերում մագիստրատուրայի ուսման վարձի չափը չի կարող գերազանցել 560 հազար դրամը, իսկ բակալավրիատի կրթական ծրագրերի դեպքում՝ 700 հազար դրամը:

Կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների:

Որոշ կրթական ծրագրերի դեպքում սահմանված կրթաթոշակի չափն ավելի ցածր է, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը: Այդ դեպքում ուսանողը կարող է ընտրել նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մարզային մասնաճյուղ (ինչը որոշակիորեն կթեթևացնի նաև կեցության հետ կապված ծախսերը) կամ կարող է լրացնել տարբերությունը սեփական միջոցներով: Այն պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղում ուսումնառած կրթական ծրագիրը ներկայացված չէ հրապարակված ցանկում, ուսանողը կարող է ուսումը շարունակել հարակից կրթական ծրագրով:

  • Կիսվել: