հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն». Ստեփանակերտում կլոր սեղան֊ քննարկում է կազմակերպվել

«Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն». Ստեփանակերտում կլոր սեղան֊ քննարկում է կազմակերպվել

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն» խորագրով կլոր սեղան-քննարկում։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է տերունական աղոթքով, որից հետո ներկաները հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների սուրբ հիշատակին։

Բնութագրությունը հասանալի չէԲացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով կարևորել է կլոր սեղան-քննարկման կազմակերպումը, քանի որ նման նախաձեռնությունների ընթացքում բարձրացվում են շատ կարևոր հարցեր:

Բնութագրությունը հասանալի չէ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանն իր խոսքը սկսեց Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի՝ «Երևի թե հայկական ոչ մի նահանգ այնքան հարուստ չէ սրբավայրերով, ինչքան Արցախ աշխարհը, բայց երևի ոչ մի հայկական նահանգ այնքան զրկված չէ իր նյութական և հոգևոր փառքերից, ինչքան Արցախ աշխարհի վանքերը և սրբատեղիները» հայտնի արտահայտությամբ:

«Բոլորս գիտենք, որ Ադրբեջան պետությունը, իր ստեղծման պահից ի վեր, առաջնահերթ նպատակ է դրել զավթել այն ամենը, ինչ հայկական է: Անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանը ինչ գունավորում և ինչ փաթեթավորում է ունեցել, ըստ էության, ձեռագիրը չի փոխել: Մեր սեփականության վկայականները այս երկրում մեր սրբավայրերն են, որոնք առաջնային թիրախներ են դարձել ադրբեջանցիների համար»,- նշեց Տեր Ներսես քահանան՝ վստահեցնելով, որ Հայ առաքելական եկեղեցին հետամուտ է լինելու իր հետևորդների՝ հայ ժողովրդի, իրավունքների պաշտպանությանը: Բուհի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ կլոր սեղան-քննարկման կազմակերպումը նպատակ է ունեցել ստեղծելու այնպիսի հարթակ, որի շուրջ կհավաքվեն թեմայով զբաղվող տարբեր մասնագետներ և կքննարկեն մեծ կարևորություն ունեցող այդ հարցը: «Կովկասագիտության կենտրոնի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանության ուսումնասիրության հետ կապված աշխատանքներ մշտապես տարվել են:

Բնութագրությունը հասանալի չէ

Մշտադիտարկումների արդյունքում հավաքագրածը տպագրել ենք այլալեզու հոդվածաշարերի տեսքով: Ակնհայտ է մի բան, որ այսպիսի կլոր սեղան-քննարկումները չպետք է կազմակերպվեն տարին մեկ կամ երկու անգամ: Մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ եռամսյա պարբերականությամբ ընտրելու ենք արդիական թեմաներ՝ կապված ոչ միայն մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման հետ, այլև՝ այդ մշակութային ժառանգության հանրայնացման և պահպանման հետ»,- մեզ հետ զրույցում ընդգծել է Հ. Ավանեսովը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ելույթի իր խոսքում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարևորեց մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառումը։ «Թեև անցած ամիսներին կատարվել են բավականին լայնածվալ աշխատանքներ աշխարհում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությամբ զուտ իրազեկումը բարձրացնելու նպատակով, բայց տեսնում ենք, որ աշխատանքները չեն բավարարում, քանի որ, դրան զուգահեռ, իրականացվում է ադրբեջանական քարոզչություն, և այս առումով նրանք առավել մեծ ռեսուրսներ են ներգրավում: Կարող ենք պնդել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայկական պատմամշակութային հուշարձանների գոյությունը սպառնալիքի տակ է»,- ասել է Գ. Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առաջարկով՝ ստեղծել հատուկ կենտրոն, որը մշտական կապի մեջ պետք է լինի աշխարհի տարբեր համալսարանների համապատասխան կենտրոնների հետ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Կլոր սեղան-քննարկմանը ելույթներով հանդես են եկել պատմաբան Մհեր Հարությունյանը, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը, ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Օհանջանյանը և այլք:

  • Կիսվել: