չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայկական կողմը դիրքային բարելավումներ ունի. Հովհաննիսյան

Հայկական կողմը դիրքային բարելավումներ ունի. Հովհաննիսյան

Ողջ օրը հակառակորդը շարունակել է հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, նաև Արցախի հյուսիսից հարավ ուղղությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն։ Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։

Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն: Մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։

Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ: Դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ։ Մարտական գործողությունները նույն թափը չունեն, բայց շարունակական են, օջախային են:

Հարձակողական լայնածավալ բռունցքի թափի կոտրելն իրականացված է: Հեշտ չէ միանգամից չեզոքացնել լեռնաանտառային տեղանքում դիվերսիոն խմբերի հոսքը, բայց մարտերը շարունակվում են՝ դանդաղ, որոշակի փոքր բախումներով՝ տեղ-տեղ մերձամարտերով՛՛,-ասաց նա:

Հովհաննիսյանը նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հարցի վրա, որ որոշ ուղղություններով Արդբեջանը վերահսկողությունը լիովին հանձնել է ահաբեկիչներին: Նրա խոսքով՝ սա արդեն տարածաշրջանային վտանգ է պարունակում:

՛՛Մենք խաղաղ բնակիչներից վրեժ չենք լուծելու։ Մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած թշնամու դեմ։ Իրենք դժոխքում են լինելու, մենք հաղթելու ենք, և իրենք վառվելու են դժոխքում՛՛,-նշեց Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի պատասխան ենք տալու Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծությանը:

՛՛Այո՛, կռիվը երկար է, կռիվը կայծակնային չէ, մենք օրերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց հաղթելու ենք՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը։

 

  • Կիսվել: