Եթե Հայաստանն էլ Արցախի պես նույն պնդությամբ, համառությամբ, սկզբունքների շուրջ համախմբված մնա, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ. Վազգեն Մանուկյան
Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած. շատ հստակ է ծրագիրը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իսկ ինչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղա՞ղ ապրի: Ոչ, նրանք ասում են, որ Երեւանն իրենց պատմական հողն է, այսինքն՝ իրենց ծրագիրն է՝ անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո Հայաստանը: Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է:
Արցախը կանգնում է եւ հայտարարում է պայքար, ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղությանը, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն: Ասում է՝ սոված կմնամ, բայց այդ ծուղակը չեմ ընկնի:
Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք: Դա բայորական կամ ազգային ու քաղաքական տեսակետից սխալ է՛՛:
Վազգեն Մանուկյանը հավելեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչ-որ միջազգային կառույցներ պետք է ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը: ՛՛Սուտ է ասում, չկա այդպիսի բան: Ռուսական բանակն այնտեղ կանգնած է, այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիները ուզում են մեքենայով ապրանք տանել, չեն կարողանում, այդ ո՞նց է այդ խնդիրը միջազգային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ մեր ազգի հարցերը լուծվելու են Երեւանում:
Վազգեն Մանուկյանը դիմեց ուժային կառույցներին. «Հիշեք, որ դուք երդվել ենք երկիրը, Սահմանադրությունը պաշտպանելու, ոչ թե Նիկոլին պաշտպանելու: Հավաքվեք իրար հետ, ընտանիքներով խոսեք: Ձեր առօրյա պարտականությունները շարունակեք կատարել, բայց քաղաքական այն որոշումները, որոնք հակասում են մեր Սահմանադրությանը, դուք պարտավոր չեք կատարել, դուք մեղսակից կլինեք, եթե կատարեք՛՛:
Ըստ Մանուկյանի՝ եթե Հայաստանն էլ Արցախի պես նույն պնդությամբ, համառությամբ, սկզբունքների շուրջ համախմբված մնա, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ: