երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի բանկերի միությունը համակարգիչներ է նվիրաբերել Արցախի դպրոցներին

Հայաստանի բանկերի միությունը համակարգիչներ է նվիրաբերել Արցախի դպրոցներին

Այսօր՝ օգոստոսի 19-ին, «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպությունը Արցախի 15 դպրոցի նվիրաբերել է համակարգիչներ:

«Արցախպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում Արցախի դպրոցներին բացի համակարգիչներից նաև տպող սարքեր են տրամադրվել:
 
«Այս ծրագրի խորհուրդն ու արդյունավետությունը հասկանալի է,այն իմաստով, որ մենք նախապես քննարկել , կարիքների վերլուծություն ենք կատարել Արցախի կառավարության հետ: Մենք համոզված ենք, որ այս հասցեական աջակցությունն արդյունավետ է՝ իր օգտակարության իմաստով։ Շատ ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք Արցախում և կարողանում ենք իրականացնել այս գործը: Ունենք դրական տրամադրվածություն՝ ի դեմս բանկերի միության՝ հետագայում նման արդյունավետ ծրագրերը շարունակելու համար»,- նշել է Հայաստանի բանկերի միության փոխտնօրեն Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ ամրագրել են Արցախի դպրոցներին շարունակական աջակցության ցուցաբերման կարևորությունը նաև այլ ուղղություններով ՝ մասնավորապես ֆինանսական, կրթության, ինչպես նաև գրագիտության բարձրացման:
 
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ընտրվել են մեծ թվով տեխնիկական սարքավորումներ կորցրած և ամենաշատն անհրաժեշտություն ունեցող դպրոցները:
 
«Այն դպրոցները, որոնք թվով ավելի շատ աշակերտ ունեն՝ ավելի շատ համակարգիչ են ստացել: Իսկ ավելի փոքր դպրոցները ստացել են ավելի քիչ թվով համակարգիչներ, որպեսզի, գոնե, ինչ-որ չափով կարողանան լրացնել պատերազմի հետևանքով կորցրածը: Նման ծրագրերի կարևորությունը կրթական գործընթացի համար, բառերով դժվար է արտահայտել: Նախ՝ սա ներդրում է կրթության ոլորտում: Մենք ուսումնական պլանով հաստատել ենք, որ յուրաքանչյուր ամիս որևէ առարկայից մեկ դաս պետք է անց կացվի համակարգչային կաբինետում: Այս ծրագիրն այդ տեսանկյունից շատ կարևոր է, և համակարգիչների դերը դպրոցներում թերագնահատել կամ գերագնահատել չի կարելի»,- նշել է Մ. Համբարձումյանը:
 
ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանը կարևորել է նախաձեռնությունն ու շնորհակալություն հայտնել նվիրատվության համար:
 
«Համակարգչային գիտելիքները շատ կարևոր են աշխարհճանաչողության գործընթացում: Այս բարեգործական քայլը շատ կարևոր մարդասիրական աջակցություն է: Յուրաքանչյուր համակարգիչ ՝ մի երեխայի հնարավորություն է տալիս ինքնուրույն առնչվելու դրա հետ և ստեղծելու իր համակարգչային աշխարհը, ստեղծագործելու, գուցե նաև իր պատկերացրած երկիրը կերտելու համար: Նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է կազմակերպվել, հատկապես, երբ Արցախի երեխաներըն ունեն այդ կարիքը»,- նշել է Ն. Սահակյանը:
 
Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան համար 6 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանի խոսքով՝ դպրոցի համար այս նվիրատվությունը խիստ կարևոր նշանակություն ունի:
 
«Ողջունելի են նման նախաձեռնությունները, որոնք կծառայեն ուսման որակի բարելավմանն ու արդիականացմանը: Միայն նման վերաբերմունքով կարելի է փոխել կրթական գործընթացը, և նեցուկ կանգնել ուսուցչին: Եթե մենք գտել ենք, որ կրթական ոլորտը գերակա ճյուղ է, ուրեմն ազգովի պետք է նեցուկ կանգնենք և բոլոր հնարավոր միջոցներով օժանդակենք Արցախի դպրոցներին»,- ընդգծել է Ա. Մինասյանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: