հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարավային Օսիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ

Հարավային Օսիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից:

Ուղերձում ասված է.
 
«Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ՝ Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ:
 
30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Ժողովրդի կամարտահայտությունը հանգեցրել է դժվարագույն փորձությունների և առ այսօր շարունակվող արյունալի պայքարի հետագա թեժացմանը:
 
Հարավային Օսիայի ժողովուրդը, որը քաջ գիտի ազատության և անկախության գինը,  համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքար մղող Արցախի մեր եղբայրների հետ:
 
Վստահ եմ, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները, որոնք հիմնված են վաղեմի և պատմական փոխադարձ հարգանքի ու փոխօգնության ավանդույթների վրա,  հետագայում ևս ամրապնդվելու ու զարգանալու են՝ հանուն  Հարավային Օսիայի և Արցախի ժողովուրդների բարօրության:
 
Այս նշանակալի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, իսկ Ձեզ, մեծարգո Արայիկ Վլադիմիրի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Հայրենիքին ծառայելու գործում»:

  • Կիսվել: