երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Համախմբում» շարժման հայտարարությունը՝ Արմեն Աշոտյանի կալանավորման առնչությամբ

«Համախմբում» շարժման հայտարարությունը՝ Արմեն Աշոտյանի կալանավորման առնչությամբ

«Համախմբում» շարժումը հայտարարություն է տարածել՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման առնչությամբ:

«ՀՀ գործող քաղաքական ռեժիմի հրահանգով կալանավորվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է` կեղծ մեղադրանքներով բանտարկել իշխանությանը քննադատողներին:

«Համախմբում» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը` այն գնահատելով ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում՝ վերջինիս քննադատական խոսքը լռեցնելու համար։

ՀՀ-ում ներկա ռեժիմի օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները դարձել է օրինաչափ գործելաոճ, ինչի արդյունքում հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվում են կալանավայրերում ու բանտերում։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության` մասնավորապես Արցախի հանձնման գործընթացից հասարակության ուշադրությունը շեղելու հերթական փորձ։

«Համախմբում» շարժումը հետևողականորեն պայքարելու է գործող վարչակազմի դեմ` համոզված լինելով, որ դրանից ազատվելուց հետո միայն հնարավոր կլինի կառուցել պաշտպանված և հզոր հայրենիք»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով։

Արմեն Աշոտյանը որպես մեղադրյալ անցնում է Երևանի պետական բժշկական համալսարանին  չարաշահումների վերաբերյալ քրեական գործով, նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Աշոտյանին մեղադրանքն առաջադրվել է նրա՝ ՀՀ կրթության նախարար և Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ կատարած ենթադրյալ արարքների համար։ 

  • Կիսվել: