հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել

Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել

Ռուբեն Վարդանյանը բոլորին կոչ է անում գալ Արցախ, շփվել ուժեղ ու չկոտրվող արցախցու հետ։ Նա նշում է, որ սա մեր հողն է, մեր հայրենիքն է, որ պետք է պաշտպանենք։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այցելել է Արցախի Խնածախ գյուղ, որտեղ հացի փուռ է հիմնվել «Ավրորայի» աջակցությամբ, «Ջրաղացներ» բարեգործական հիմնադրամի և Love Does կազմակերպության հետ համատեղ։ Տեղեկությունը տեսանյութին կից հրապարակվել է AraratChallange–ի ֆեսբուքյան էջում։
 
Նա ասում է, որ շատ ուրախ է հենց այս օրն այստեղ գտնվել, որովհետև մարդիկ զգում են, որ չնայած շատ դժվարություններին, կյանքը շարունակվում է։
 
«Նուբար Աֆեյանի հետ միասին մենք հասկացանք, որ այս գաղափարի իրագործումը շատ կարևոր է, որովհետև Արցախում մարդիկ պետք է զգան, որ իրենք հնարավորություն ունեն ապրելու և զարգանալու այստեղ, և իրենց երեխաները մեծանալու են այստեղ»,–ասում է Վարդանյանը։
 
Նա մեծ ուրախությամբ նշում է, որ այս մարդկանց հետ երազանք է շփվելը, որովհետև  չնայած նրանք 2–րդ անգամ կորցրել են իրենց տունը, բայց հիմա ինքն է լցվել նրանց ուժով։ «Մեկ է` իրենք լավատես են, իրենք պայքարում են, այգի են մշակում, հացը թխում են, թոռը ծնվել է... շատ ծանր է ամեն ինչ, բայց մարդիկ չեն հիասթափվում»,–ասում է Վարդանյանը։
 
Նա բոլորին կրկին կոչ է անում գալ Արցախ, շփվել ուժեղ ու չկոտրվող արցախցու հետ։ «Դրանից Հայաստանում և սփյուռքում ապրող հայի վերաբերմունքը կփոխվի` չենք մտածի, որ սա ինչ-որ խնդիր է, որ ինչ-որ մեկը պետք է լուծի մեզ համար։ Սա մեր հողն է, մեր հայրենիքն է, որ պետք է պաշտպանենք»,–ասում է Ռուբեն Վարդանյանը։
 
Նշենք, որ «Ավրորան» նախագծին աջակցել է «Ավրորան՝ Արցախին»՝ #AraratChallenge4Artsakh ծրագրի շրջանակում։

  • Կիսվել: