հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր». Ալիևի խորհրդական

«Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր». Ալիևի խորհրդական

Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

«Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - ասել է նա, հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան:

Նախագահ Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով`իրավական շրջանակները։

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», - ասել է նա:

Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով` Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել:

Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ: «Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը», - օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը:

Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել` կուլիսային քննարկումների վերաբերյալ:

Ադրբեջանցի մի պաշտոնյա, մասնավորապես, անանուն մնալու պայմանով, Միջազգային ճգնաժամային խմբին պատմել էր, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին`պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում:

Ադրբեջանը մի շարք դրույթների հետ համաձայն չի եղել։ «Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարի` տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում»,- Ճգնաժամային խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյա`հավելելով` այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից:

Ռուս պաշտոնյաներից մեկն էլ, կրկին անանուն մնալու պայմանով, փոխանցել էր, որ Կրեմլը չի ձգտում ստանալ այդ փաստաթուղթը`ամեն գնով:

«Մոսկվայի համար կարևոր է, որ խաղաղապահների իրավունքներն ու պարտականությունները ընդունելի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար», - ասել է ռուս պաշտոնյան, հավելելով․ - «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը»:

Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը հրապարակվել էր անցած հունիսին, անցել է առնվազն երեք ամիս, սակայն, այս հարցում առաջընթաց դեռ չկա:

Փաստացի, մոտ մեկ տարի է`նոյեմբերից ի վեր, հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են միայն եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած այդ հայտարարությունը, մինչդեռ, չի հստակեցնում`կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները, և ինչ կարող են անել, եթե, ասենք, շփման գծում լարվածությունը կրկին աճի:

Նյութը՝ ըստ azatutyun.am-ի:

  • Կիսվել: