երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գերկարևոր է նոր իրավիճակում ՀՀ-Արցախ օրգանական կապի վերականգնումն ու օտարման որևէ միտում թույլ չտալը. Բաբաջանյան

Գերկարևոր է նոր իրավիճակում ՀՀ-Արցախ օրգանական կապի վերականգնումն ու օտարման որևէ միտում թույլ չտալը. Բաբաջանյան

Այսօր Կառավարությունում մասնակցել եմ Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

՛՛Արցախցիներին, պատերազմում վիրավորում ստացած կամավորներին և սոցիալական այլ խմբերին Հայաստանի տրամադրած օգնության ծավալը շուտով կհատի 50 միլիարդ դրամի սահմանը։

Չնայած ռուսաց լեզուն պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Արցախի ԱԺ երեք քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորների ինձ համար հիմնավորապես մերժելի քայլին, Հայաստանը պետք է շարունակի մեծ ծավալի քայլեր իրականացնել Արցախ-Հայաստան որևէ օտարում թույլ չտալու և առավելագույնս արագ օրգանական հաղորդակցությունը վերականգնելու համար: Այստեղ մի կողմից առաջնային պատասխանատվությունը քաղաքական ղեկավարությանն է, ընդդիմությանը և հանրությանն ընդհանրապես:

Ռուսական ընդլայնվող ներկայության լեգիտիմությունը ստեղծված պայմաններում ևս հասկանալի է, ամբողջ հարցն այն է, սակայն, որ այդ ներկայությունը պետք է լինի բալանսավորված, իսկ դա նշանակում է, որ պետք է լինի ներկայություն, ոչ թե Արցախի ռուսականացում: Այդ ներկայությունը պետք է լինի ամենևին ոչ հայկականության, այլ կերպ ասած՝ Հայաստանի ներկայության հաշվին: Ահա այդ իմաստով է խորհրդանշական ստացված տեղեկությունն ու Հայաստանում Արցախի վերականգնման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի այսօրվա օրակարգի զգալի մասը նվիրված էր Քաշաթաղից տեղահանված մեր ազգակիցների բնակարանային ապահովմանը։

Մի բան ակնառու է՝ պատերազմից հետո էապես կազմալուծված հայկական անվտանգային համակարգը և Հայաստան-Արցախ կոմունիկացիոն, օրգանական հարաբերության փլուզումը գերկարևոր է դարձնում նոր իրավիճակում օրգանական կապի վերականգնումն ու օտարման որևէ միտում թույլ չտալը:

Հայաստան-Արցախ օրգանական հաղորդակցության վերականգնումը պետք է տեղի ունենա հանրային-քաղաքական օրգանիզմի, այսպես ասած, բոլոր բջիջներով՝ սկսած հասարակական, քաղաքացիական նախաձեռնություններից, մինչև պարզապես շարքային հաղորդակցություն ամենատարբեր նպատակներով, բնականաբար, այդ թվում՝ զբոսաշրջային:

Ընդ որում, հայաստանյան հանրությունն այդ գործում հայկական բալանս ապահովելու համար պետք է օգտագործի նաև Հայաստանի՝ միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակից բխող բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ Արցախում անվտանգային միջավայրը միջազգայնացնելու ռազմավարությամբ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: