երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։

Միության տարածած հայտարարության մեջ նշված է. «Հայտնի է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ալեքսանդրա Խանթաքին Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ»։

Այս հաղորդագրությունը մի շարք կարևորագույն շեշտեր է պարունակում։ Նախ՝ դրանում հստակորեն արձանագրված է այն հայատյաց ռասիստական քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ տիրապետում է Ադրբեջանում և արտահայտվում է հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությամբ։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարճ և հստակ ձևակերպել է Ադրբեջանի հեռահար նպատակադրումը․ «Հենց որ տարածաշրջանը մաքրվի էթնիկ հայերից, կհաստատվի, որ Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները», իսկ այս պահին հայաթափված Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունն ապահովում են հայկական նյութական մշակույթի բազմադարյա հուշարձանները, որոնք արդեն իսկ ադրբեջանական ջարդարար թիրախի տակ են։

Հաղորդագրության մեջ մասնավորեցված է այն կարևորագույն արձանագրումը, որ Միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում զարգացող գաղափարախոսության կապակցությամբ, որը հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն, մինչդեռ «տարածաշրջանի արվեստի, ճարտարապետության և հնագիտության փորձագետների ճնշող մեծամասնությունը հերքել է ռևիզիոնիստական պնդումները՝ դրանք համարելով կեղծ»։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի արդարացի արձանագրումները և կոչ անում անդրադառնալ նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հիմնախնդրին, որի անպատժելիությունն է որպես նախադեպ ծառայել ադրբեջանական իշխանությունների համար նախաձեռնելու ևս մեկ մշակութային զտում՝ այս անգամ Լեռնային Ղարաբաղում։

Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ Հին Ջուղայի հայկական գերեզմանատան բոլոր խաչքարերն ու տապանաքարերը հողին հավասարեցվեցին և փոխարենը կառուցվեց ռազմական հրաձգարան։ Նույն քաղաքականությունն է արձանագրված նաև Բաքվում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։ Ադրբեջանն այսօր պետականորեն հերքում է այն նշանակալի հետքը, որ հայ ստեղծարար միտքն ունեցել է Բաքվի զարգացման հարցում դեռ այն ժամանակ, երբ Բաքուն ոչ թե ադրբեջանական ազգայնականության կենտրոնն էր, այլ բազմամշակութայնության իրական օրինակ։ Եթե Բաքվի հայկական հոգևոր քրիստոնեական ժառանգությանը՝ եկեղեցիներին, գերեզմանատներին, վիճակված է կրել շարունակական և համակարգային ոչնչացման խաչը, ապա հայ անվանի ճարտարապետների ձեռքով կառուցված շինություններին վիճակվել է դառնալու այլակերպման և խեղաթյուրման զոհ։ Սա ադրբեջական պետական գաղափարախոսության նույնականացումն է՝ հոգևոր մշակույթի և արժեքների վրա ռազմական մեքենայի կառուցումն ու բռնության քարոզը»։

  • Կիսվել: