հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու՝ ԵԽ քննարկմանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու՝ ԵԽ քննարկմանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կառույցներին Ադրբեջանի կատարած հանցանքների ուսումնասիրությունը սկսել երեք տասնամյակ առաջ ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության՝ հանցանքներով և բռնարարքներով ուղեկցված բռնի տեղահանումից և պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության ուսումնասիրումից։

«Եվրոպական խորհրդարանում կայացել է «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով համագումար, որի մասնակից ԵԽ պատգամավորները քննարկման ընթացքում կատարել են մի շարք առանցքային շեշտադրումներ։

Մասնավորապես՝ Սլովակիայի ներկայացուցիչ Միրիամ Լեքսմանը նշել է, որ Եվրոպական Միության պարտքն է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը փրկելու համար, քանի որ ադրբեջանական կեղծ թեզերն ու միտումնավոր կերպով հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելը բազմիցս բարձրաձայնվել է Եվրոպական խորհրդարանի կողմից։

Միջազգային իրավունքի հայտնի մասնագետ և Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչ Պիեր դ’Արժանը թիրախային մեկնաբանություն է տվել ադրբեջանական քաղաքականությանը՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է վերացնել հայկականը ու Լեռնային Ղարաբաղը։

«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, և այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է»,- նշել է դ’Արժանը։ Համագումարի կազմակերպիչներից ֆրանսիացի պատգամավոր Գզավիյե Բելյամին հստակ ամփոփել է հետևյալը․

«Մեկ բռնապետ ցանկանում է ջնջել մի ամբողջ ժողովրդի և վերացնել նրանց գոյության վերաբերյալ ցանկացած հետք»։

Ողջունում ենք այս համագումարի անցկացումը և հնչած կոչերի տրամաբանությունը։ Սակայն, մենք հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի մշակութային սպանդը չի սահմանափակվել միայն Լեռնային Ղարաբաղով։ Մինչ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պղծումը, Ադրբեջանն արդեն իսկ հասցրել էր էթնոցիդի ենթարկել պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը։ Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը միայն բավական է այս պետության հակահումանիստական և խորը ռասիստական բնույթը հասկանալու համար։

Ուստի մենք կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանին, միջազգային այլ պատասխանատու կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի կատարած հանցանքների ուսումնասիրությունը սկսել երեք տասնամյակ առաջ ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության՝ հանցանքներով և բռնարարքներով ուղեկցված բռնի տեղահանումից և պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության ուսումնասիրումից»,- ասված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հաղորդագրության մեջ:

Միությունը պահանջում է վերոնշյալ խնդիրներին և դրանց հետևանքներին տալ համարժեք քաղաքական գնահատական՝ ցեղասպանական, պատերազմական, մարդու իրավունքների համակարգային խախտման և բազմաթիվ այլ հանցանքներում մեղադրվող անձանց միջազգայնորեն ենթարկելով արժանի պատասխանատվության և պատժի։ Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված ավելի քան 100 հազար հայության բոլոր իրավունքների վերականգնումը սկսվում է գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ճանաչումից։

  • Կիսվել: