կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների հետ. Գևորգյան

Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների հետ. Գևորգյան

«Ժողովրդավարության համաշխարհային վերջին համաժողովի ժամանակ՝ հենց այս դահլիճում, եզրակացություն արվեց այն մասին, որ ժողովրդավարական պետությունները հակված են խաղաղության, սակայն անցումը ժողովրդավարության խաղաղություն չի երաշխավորում: Չգիտեմ՝ արդյո՞ք սա Եվրոպայում շարունակվող պատերազմների և էթնիկ զտումների արդարացում էր, բայց այս տրամաբանությունը հետխորհրդային ժողովրդավարական պետություններին աշխարհագրական առումով տեղակայում է արևմտյան և արևելյան պարադիգմների առճակատման կենտրոնում: Արդյունքում ոչ թե ժողովրդավարական արժեքներն ու ավանդույթները, այլ ուժն ու ռեսուրսներն են դարձել Եվրոպայում խնդիրների լուծման հիմնական գործոնները: Այդպես, օրինակ, Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների հետ: Ամեն ինչ տանում է նրան, որ Եվրոպան կհամակերպվի նաև Ուկրաինայում նոր իրողությունների հետ»: Այս մասին ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ:

Նա նշել է, որ շատ երկրներ են առերեսվում այն փաստի հետ, որ ժամանակակից ժողովրդավարությունը չափազանց «ճկուն» է, քանի որ սկսել է սպասարկել որոշակի աշխարհաքաղաքական շահեր և առաջնահերթություններ: «Վերջին 30 տարիների ժողովրդավարական փորձերը մեր երկրները կանգնեցրել են կոնֆլիկտային «կամ…կամ» ընտրության առաջ, որտեղ, ի դեպ, միայն ազգային վերնախավերն են կրում սեփական երկրները սակարկության առարկա չդարձնելու հիմնական պատասխանատվությունը: Հայաստանի համար սա ոչ միայն ընտրություն է ժողովրդավարության և իր անցյալի միջև, այլև՝ այսօր տարածաշրջանում իր քաղաքակրթական ինքնությունը և պատմական դերը պահպանելու մարտահրավեր: Հայ ժողովուրդն արժանի է ժողովրդավարությանը, որը կարող է կանխել նոր ողբերգություններ իր պատմության մեջ և թուլացնել առճակատման լարվածությունը տարածաշրջանում»,-ընդգծել է Արմեն Գևորգյանը։

Պատգամավորը վերոպացի գործընկերներին կոչ է արել մտորել Թուրքիայի՝ որպես Հարավային Կովկասում արևմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժ հանդես գալու խնդրի շուրջ. «Թուրքիան գաղափարապես, քաղաքական և ենթակառուցվածքային առումով ինտեգրված լինելով ՆԱՏՕ-ին և ունենալով թյուրքական զավթողականության գլոբալ պլաններ՝ արևմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժն է Հարավային Կովկասում։ Ուստի հարց է առաջանում՝ թուրքական գերիշխանությունն ի՞նչ կտա տարածաշրջանին ժողովրդավարության զարգացման և կայուն ու արդար խաղաղության հաստատման առումով։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ պանթյուրքիստական նկրտումները խրախուսվում են՝ Թուրքիայի ուշադրությունը Եվրոպայից շեղելու նպատակով»։

Նա նկատել է, որ որոշ պետություններ այսօր ագրեսիվորեն մարտահրավեր են նետում գործող միջազգային նորմերին ու կանոններին և իրենց պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում. «Ղարաբաղում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում վերջին 6 ամիսների արյունալի իրադարձությունները հուշում են, որ ժողովրդավարական աշխարհը կորցնում է մնացած աշխարհին գաղափարապես, քաղաքականապես և տնտեսապես նոր հեռանկարներ առաջարկելու իր կարողությունը։ Եթե չկան երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխիքներ, ապա անհետանում է Արևմուտքի վրա կենտրոնանալու մոտիվացիան։ Ուստի ժողովրդավարական Եվրոպայի համար պետք է հիմնարար լինի նաև այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք և ապրել այնտեղ արժանապատիվ ու խաղաղ՝ արդյունավետ միջազգային երաշխիքներով և անվտանգության իրական պայմաններով»։

  • Կիսվել: