Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում ընդունելություն և խորհրդատվություն են անցկացնում
Օգոստոսի 9-ից 13-ը ներառյալ Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ում Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Անաիդա Արսենյանի և Մանե Թադևոսյանի կողմից իրականացվում են համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների ընդունելություն և խորհրդատվություն:
Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի մանկական նյարդաբան, ծնունդով արցախցի Անաիդա Արսենյանը «Արցախը մեզ է սպասում» ծրագրի շրջանակներում այցելել է Արցախ՝ փորձելով հնարավորինս օգտակար լինել հայրենակիցներին:

«Օգոստոսի 9-ից մինչ այս պահը զննել ենք 110 երեխայի, խնդիրներ ունեցող որոշ երեխաների ուղղորդել ենք հետազոտությունների, որոնց պատասխանները շուտով կլինեն: Մեծ մասամբ հոգեխոսակցական զարգացման հապաղումներով խնդիրներ ունեցող երեխաներ էին, որոնց ուղղորդում էինք հիմնականում հոգեբույժի, հոգեբանի մոտ: Ընդունեցինք նաև էպիլեպսիայով հիվանդ երեխաների, որոնց հետազոտությունները ընթացքի մեջ են: Արցախի շրջաններից նույնպես այցելուներ ունեցանք»,- «
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց բժշկուհին։
Մանկական նյարդաբանության կլինարդինատոր Մանե Թադևոսյանը այս ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամն է գալիս Արցախ:

«Այս պահի դրությամբ տեղի հիվանդանոցում չկա մշտական մանկական նյարդաբան, և մենք փորձում ենք լրացնել այդ բացը մեր այցելություններով: Նյարդաբանական խնդրով բալիկ ունեցող ծնողը առաջին հերթին պետք է լինի համբերատար և հոգատար իր բալիկի հանդեպ, հետևի բժշկի ցուցումներին, անի այն, ինչ անհրաժեշտ է, և երեխայի զարգացմանը հետևի, աշխատի նրա հետ՝ հնարավորինս նրան ինտեգրելով հասարակությանը: Ծնողները պետք է բաց աչքերով նայեն բալիկի խնդրին և աշխատեն այդ ուղղությամբ», - մեզ հետ զրույցում ասաց Մ. Թադևոսյանը: