կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԽԽՎ–ում Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի հունիսի 22–ին

ԵԽԽՎ–ում Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի հունիսի 22–ին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանում Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովման հարցի հրատապ քննարկումը տեղի կունենա հունիսի 22–ին՝ հինգշաբթի օրը։ Այս մասին հայտնել է  ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արյուսակ Ջուլհակյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 19-23-ին ԵԽԽՎ–ում ամառային լիագումար նստաշրջանի կարեւոր կետերից մեկը կլինի համատեղ հրատապ քննարկումը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետեւանքների, ինչպես նաեւ Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկների մասնակցության վերաբերյալ:

Վեհաժողովը նաեւ համատեղ քննարկումներ կանցկացնի միգրացիայի հարցի շուրջ եւ կքննարկի երեք զեկույց՝ միգրանտների եւ փախստականների ինտեգրման մասին, սպորտի միջոցով միգրանտների, փախստականների եւ ներքին տեղահանված անձանց սոցիալական ինտեգրման մասին, ինչպես նաեւ առանց փաստաթղթերի աշխատավորներին կամ մշտական կարգավիճակ չունեցող անձանց բժշկական եւ սոցիալական օգնության տրամադրման մասին։

  • Կիսվել: