ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԽ-ն բանաձեւ է ընդունել․ Բաքվից պահանջում է զորքի դուրսբերում ՀՀ տարածքից եւ Բերձորի միջանցքի բացում

ԵԽ-ն բանաձեւ է ընդունել․ Բաքվից պահանջում է զորքի դուրսբերում ՀՀ տարածքից եւ Բերձորի միջանցքի բացում

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։

Զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր:

CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:

Զեկույցում.
  • Խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար:
  • Վերահաստատվում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:
  • Համոզմունք է արտահայտվում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները:
  • Մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:
  • Աջակցություն է արտահայտվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությանը:Ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները՝ ներառյալ ԼՂ-ում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը:
  • Ողջունվում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը և կոչ է արվում ԵՄ խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում:
  • Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է լինի պայմանական՝ կախված երկրի կողմից մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների հարգման ուղղությամբ էական առաջընթացի ապահովումից:
  • CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:
  • ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվեց նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է.. «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»:

  • Կիսվել: