կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ձևավորված գործակալությունը կզբաղվի պետական կառավարման համակարգերի ծառայությունների թվայնացմամբ. մանրամասնում է պետնախարարը

Ձևավորված գործակալությունը կզբաղվի պետական կառավարման համակարգերի ծառայությունների թվայնացմամբ. մանրամասնում է պետնախարարը

Հուլիսի 4-ին, Tech Week Artsakh 2021-ի շրջանակներում տեղի է ունեցել «Թվայնացման մոտեցումները Արցախում. տեխնոլոգիաների ներառականության և մատչելիության հիմնախնդիրները հայկական տիրույթում» թեմայով կոնֆերանս:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կոնֆերանսը վարում էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Պետնախարարը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ Արցախի Հանրապետությունում նախագահի աշխատակազմին կից ձևավորվել է թվայնացման գործակալություն, նաև թվայնացման խումբ՝ իր նախագահությամբ:

«Թվայնացման գործակալությունը զբաղվելու է պետական կառավարման բոլոր համակարգերում բոլոր հնարավոր ծառայությունների, գործառույթների թվայնացումով, միանշանակորեն համագործակցելով ՏՏ համայնքի և ՀՀ պետական մարմինների հետ: Այստեղ ՀՀ փորձը բավականին կարևոր է: Այս գործակալությունը ոչ միայն գյուղի զարգացման ծրագրերով է զբաղվելու, այլ նաև փորձելու է հնարավորինս կենտրոնացված գրավել ենթակառուցվածքներ՝ ստեղծելով և սպասարկելով դրանք: Այդ թվում նաև կիբեռանվտանգության հարցերը պետք է համատեղ կարողանանք լուծել, ինչը, միանշանակորեն, մեզ համար առաջնահերթություն է», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ որոշակի սխալներ, բացթողումներ կան, որոնք փորձելու են չկրկնել՝ հաշվի առնելով Մայր Հայաստանի փորձը։

«Ծրագրերի հիմնական մասը մեզ մոտ ներդրված չէ, նույնիսկ էլեկտրոնային փաստաթղթաշարժի արդի համակարգը որոշ մարմիններում է դեռևս ներդրված ու կիրառվում: Մի քանի այլ ծրագրեր կիսատ-պռատ օգտագործվում են, որոշակի փոքր առանձնահատկություններ կան, որոնք նույնական չեն ՀՀ-ում կիրառվող ծրագրերի հետ, բայց հիմնականում կիրառվողները նույնն են», - նշեց պետնախարարը:

  • Կիսվել: