հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը հիմք է ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա․ Արցախի նախագահ

Ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը հիմք է ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա․ Արցախի նախագահ

Հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները: Այս մասին հուլիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցած  հրատապ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը:

Բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով:

Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:
Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը:

Մարդկանց տառապաքներն առևտրի առարկա դարձնելն անթույլատրելի է: Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը, որի նպատակը նրա ժողովրդին առավելագույնս զրկանքների ենթարկելն է, պետք է անհապաղ և անվերապահորեն դադարեցվի՝ համաձայն Միջազգային դատարանների որոշումներին և արդարության սկզբունքների:
Շրջափակման դադարեցումը և մարդկանց տառապանքների թեթևացումը անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ կստեղծեն բանակցությունները սկսելու համար և առավել բարենպաստ պայմաններ կձևավորեն բովանդակալից քննարկումների համար:
Բանակցային գործընթացի հիմքում պետք է բացառապես լինեն միջազգային իրավունքի նորմերն ու համընդհանուր արժեքները, ինչպիսիք են՝ արդարությունը, արժանապատվությունը և իրավահավասարությունը: Ցանկացած արհեստական սահմաններ, որոնք կարող են կանխորոշել բանակցությունների արդյունքը, պետք է բացառվեն:

Կարևոր է ընդգծել, որ խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի հարցը, որը, միջազգային իրավունքի տեսանկյունից, շարունակում է մնալ չլուծված:

Մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը անառարկելի հիմք են ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա: Այդ սկզբունքն իր կարևոր տեղն է ունեցել 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի խորհուրդները հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա»,- հայտարարել է նա։

  • Կիսվել: