Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրվել են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ՖԲ էջում գրառում է արել հոկտեմբերի 1-2-ը Ստրասբուրգում ԵԽ տարբեր պաշտոնյաների հետ իր ունեցած հանդիպումների մասին:
Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ եմ ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները»:
ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ և Ադրբեջանի հարցով համազեկուցող Շտեֆան Շենախի, ինչպես նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ զեկուցող Կիլլիոն Մունյամայի հետ:
«Մի շարք այլ հանդիպումներ եմ ունեցել նաև ԵԽ անկախ որոշ մարմինների պաշտոնյաների հետ: Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակի ու հիմնախնդիրների վերաբերյալ՝ ընդունելով չճանաչված պետությունների միջազգային ընդգրկվածության ապահովման հրատապ անհրաժեշտությունը»,-գրել է Արտակ Բեգլարյանը: