կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Բեռլինը Բաքվին ու Ստեփանակերտին երկխոսության վերականգնման կոչ է անում

Բեռլինը Բաքվին ու Ստեփանակերտին երկխոսության վերականգնման կոչ է անում

Գերմանիայի կառավարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրավիճակով և հատկապես չլուծված հումանիտար խնդիրներով:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։
 
«Գերմանական կառավարությունը բոլոր պատասխանատուներին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ապահովել պարենի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը»,- նշել է նա՝ հավելելով, որ դրա համար, ինչպես կարծում են Բեռլինում, անհրաժեշտ է բացել Լաչինի միջանցքը՝ ապահովելով մարդկանց ու բեռների անցումը։
 
Գերմանիայի կառավարությունը Բաքվին և Ստեփանակերտին կոչ է արել վերսկսել չլուծված հարցերի շուրջ բանակցությունները և առաջին հերթին պայմանավորվել կարևոր հումանիտար բեռների տեղափոխման եղանակների ու ընթացակարգերի շուրջ՝ ներառյալ տեղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար լրացուցիչ ուղիների բացումը:
 
«Այդպիսի երկխոսությունը շատ կարևոր է, այն պետք է սկսվի»,- հայտարարել է Բյուխները և վստահեցրել, որ «այս ծայրահեղ իրավիճակում Գերմանիայի կառավարությունը կապի մեջ է ինչպես Երևանի, այնպես էլ՝ Բաքվի հետ։ Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ Բեռլինը ջանքեր է գործադրում իրավիճակի բարելավման ուղղությամբ։
 
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է վերջերս Քիշնևում կայացած հանդիպման մասին, որին մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նույն կազմով հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի սկզբին իսպանական Գրանադայում, որտեղ կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ հանդիպումը:
 
Նյութը՝ artsakhpress.am-ի:
 
 

  • Կիսվել: