հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակիչները, որոնք կմնան Արցախում, հիմնականում կբնակեցվեն Հինշեն, Մեծշեն համայնքներում. նախարար

Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակիչները, որոնք կմնան Արցախում, հիմնականում կբնակեցվեն Հինշեն, Մեծշեն համայնքներում. նախարար

Արցախի Քաղաքաշինության նախարարությունը և Տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ աշխատանք են տանում Բերձորից և Աղավնոյից տարհանվող բնակչությանը բնակֆոնդով ապահովելու հարցում, երբ ցուցակները հստակեցվեն` այսինքն պարզ դառնա, թե բնակիչների որ մասն է մնում ԱՀ-ում, որը տեղափոխվում Հայաստան, այդ աշխատանքները առավել առարկայական կդառնան: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Արցախում մնացած բերձորցիները և աղավնեցիները կբնակեցվեն հենց Բերձորի Բերդաձորի ենթաշրջանում` Մեծշեն, Հինշեն համայնքներում: «Եթե բնակֆոնդը այդ համայնքներում չհերիքի, նրանք կբնակեցվեն նաև այլ համայնքներում: Մենք ընթացիկ տարում բավականին շատ տներ ունենք հանձնելու, այդ բնկաֆոնդից բնակարաններ կստանան նաև տարհանված բերձորցիները և աղավնեցիները: Այս պահին և եղած բնակֆոնդն ենք վերանորոգում, այսինքն` հին և տիրազուրկ բնակարանները, և նորերը կառուցում: Եթե այդ մարդիկ ինչ որ կոնկրետ համայնքում ուզեն նորակառույց շինությունում բնակվել, մենք նաև այդ տներից ենք հատկացնելու»,- պարզաբանեց նախարարը:

Նա նշեց, որ կոնկրետ Քաղաքաշինության նախարարության կողմից ներկա պահին մշակվում է նոր նախագիծ նշված համայնքներում նոր բնակելի թաղամասերի կառուցման համար: «Արդեն գեոդեզիայի աշխատանքները կատարված են: Մենք փորձում ենք արագ հավաքվող կոնստրուկցիաներով տներ առաջարկել, որպեսզի արագ կառուցենք և այդ մարդկանց բնակեցնենք: Ինչպես նաև ավելի քան վաթսուն հին բնակֆոնդ կա, որը հնարավոր է վերանորոգել և տրամադրել մեր համաքաղաքացիներին, ովքեր Բերձորից, թե ցանկացած այլ համայնքից իրենց տները կորցրել են: Այդ աշխատանքների մասով արդեն Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ քննարկումներ ունեցել ենք` այն տները, որոնք տիրազուրկ կճանաչվեն, Քաղաքաշինության նախարարության կողմից կվերանորոգվեն և կտրամադրվեն մարդկանց»,- հստակեցրեց նախարարը:

 

  • Կիսվել: