հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահին և ՊԲ հրամանատարին նոր մեքենաներ հատկացնելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում

Արցախի ԱԺ նախագահին և ՊԲ հրամանատարին նոր մեքենաներ հատկացնելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում

«Պետական ծառայողական և սեփական մեքենա չունեմ, այդ իսկ պատճառով «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի մեքենան ժամանակավորապես օգտագործում եմ՝ որպես փոխադրամիջոց»:

Սոցիալական ցանցերում տարածված նոր ծառայողական մեքենա ստանալու լուրերը «Արցախպրես»-ի հետ զրույցում հերքել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։ Պատերազմի ավարտից հետո հրաժարվել եմ անգամ պետական ծառայողական շքեղ մեքենայից: Կարծում եմ՝ մեր իրողության պայմաններում դա նորմալ երևույթ է, և այդ մեքենայի վաճառքից ստացված գումարով հնարավոր կլինի մեկ բռնի տեղահանված մեր հայրենակցի համար բնակարանի կառուցման աշխատանքներ սկսել», - նշեց Ա. Թովմասյանը։

Նույն հարցումով «Արցախպրես»-ը դիմել է նաև Պաշտպանության նախարարություն, որին ի պատասխան կրկին նշվել է, որ նոր մեքենա ձեռք բերելու մասին լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ:

«ՊԲ հրամանատարին սպասարկող մեքենան Պաշտպանության նախարարության ավտոպարկում է գտնվում 2015թ.-ից և սպասարկել է նաև ՊԲ նախորդ հրամանատարներին»,- ասված է ՊԲ պաշտոնական պատասխանի մեջ:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին և ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ են հատկացվել:

  • Կիսվել: