կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը

 Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը։

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը, ինչպես նշում են նախաձեռնողները, չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։

«Արցախյան երրորդ պատերազմի զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենք դեմ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագծին, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը։

«Եթե ուզում եք, որ արցախցին մնա Հայաստանում, արարի, ապրի, իր պոտենցիալը Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնի, իրատեսական ծրագիր նախատեսեք, որն արժանապատիվ կեցություն կապահովի արցախցիների համար»,- նշեց Ասրյանը

Նա առաջարկեց թափանցիկությամբ աշխատող հիմնադրամ ստեղծել այդ խնդիրները լուծելու համար։   Ասրյանն առաջարկեց նաև ֆինանսական աջակցության համար դիմել համայն հայությանն ու միջազգային ֆինանսական կազմակերպություններին։ «Դիմեք Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին։ Այդ նրանք էին, որ 30 տարի շարունակ ասում էին, որ Արցախի խնդիրն ուժային լուծում չունի, բայց Ադրբեջանը հակառակն ապացուցեց, հետևաբար նրանք ևս պատասխանատու են մեր բռնի տեղահանման համար, և անհրաժեշտ է, որ նրանք ևս հոգ տանեն, որպեսզի մենք այստեղ ոտքի կանգնենք»,- հավելեց Արմեն Ասրյանը։

Նա հավաստիացրեց, որ իրենք որևէ քաղաքական նկրտում չունեն։ «Մենք բոլորիդ նման հասարակ մարդիկ ենք, որոնք մտահոգ են, որոնք սրտացավ են, չեն ուզում արտագաղթել այստեղից և հայրենիք վերադառնալու հույսը պահում են սրտում»,- դիմելով հավաքվածքներին՝ ընդգծեց Արմեն Ասրյանը։

Հասարակական ակտիվիստ, տնտեսագետ Նորայր Աբրահամյանը իր ելույթում ընդգծեց՝ չնայած Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով  բռնի տեղահանված  արցախցիների զբաղվածության խնդիրը՝ աշխատանք գտնելու հարցն արցախցիների համար խնդրահարույց է։ «Մեզանից շատերը չեն կարողանում գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մի մասն էլ աշխատանքի է տեղավորվել ոչ մասնագիտական ոլորտներում, որոշները ստանում են ոչ բավարար աշխատավարձ։ Մենք պարզել ենք, որ աշխատանքի տեղավորվածների միջին աշխատավարձը կազմում է 80-100 հազար դրամ է, դա էլ՝ Երևանում և հարակից բնակավայրերում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն իրենց առաջարկում է բնակություն հաստատել շրջաններում և սահմանամերձ բնակավայրերում, որտեղ զբաղվածության հետ կապված խնդիրները միշտ էլ եղել են։  

Նրա խոսքով՝ նման պայմաններում այդ բնակավայրեր տեղափոխվելու դեպքում իրական վտանգ կա, որ այն արցախցիները, որոնք աշխատանք են գտել, կորցնելու են իրենց աշխատանքը, իսկ այն մարդիկ, որոնք դեռևս աշխատանք չեն գտել, աշխատանք գտնելու հնարավորություն չեն ունենա։

Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը, նպաստելու է արցախցիների արտագաղթին։ «Բայց բոլոր պետական ծրագրերը պետք է ոչ ասեն արտագաղթին»,- հայտարարեց Նորայր Աբրահամյանը։

 Նա կառավարությանը կոչ արեց առավելագույնը 2 տարի շարունակել 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը, ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին ապահովել սոցիալական բնակարաններով։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստին կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը մինչև տարեվերջ երկարացնելու որոշումը։ Ինչ վերաբերում է բնակարանային մատչելիության ծրագրին, ապա այն մշակման փուլում է, և պայմանների հստակեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին շարունակում է այս ուղղությամբ հանդիպումները։ Քննարկումներն ընթանում են ոչ միայն պետական մարմինների միջև, այլև հրավիրվում են տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործիչներ։ Հանդիպումների նպատակը ԼՂ բռնի տեղահանվածների համար Հայաստանում բնակվելու կայուն ծրագրեր մշակելիս բոլոր կողմերի կարծիքները լսելն է՝ առաջարկները դիտարկելու համար։ Փոխնախարարն ասել է, որ հաշվի են առնվելու բռնի տեղահանվածների կարիքները, որոնք ձգտելու ենք բավարարել պետության հնարավորությունները մեծացնելով և նոր միջոցներ ներգրավելով:

Միաժամանակ ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են․ մասնավորապես բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ: Բացի այդ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի: 

Ծրագրի շահառու կլինեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք, քանի որ ծրագիրն ուղղված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների Հայաստանում կայուն կյանքի աջակցությանը։

  • Կիսվել: