հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այսօր խտրականությունն ու ատելությունն ուղղված են ծանր վիճակ ունեցող արցախցիներին՝ արդեն Հայաստանի տարածքում. Հովհաննես Խուդոյան

Այսօր խտրականությունն ու ատելությունն ուղղված են ծանր վիճակ ունեցող արցախցիներին՝ արդեն Հայաստանի տարածքում. Հովհաննես Խուդոյան

«Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այս փուլի քննարկումներն առավելապես վերաբերելու են խտրականության դրսեւորումներին, չնայած, նրա խոսքով, հնարավոր չէ տարանջատել այս կամ այն  բացասական երեւույթը կամ անձին եւ մեկուսի դիտարկել, որովհետեւ, ի վերջո, ամեն ինչի համախումբը միմյանց փոխլրացնելով բերում է այսօր արցախահայության իրավունքների խախտմանը:

Նրա խոսքով. «Խտրականությունն ու ատելության խոսքը արցախցիների հանդեպ նոր չէ: Մի քանի տասնամյակ ատելության խոսքը գեներացվել է: Մեր հանրության մեջ որոշակի փաստարկում կար, որ դա գուցե պայմանավորված լինի նախկինում ծագումով արցախցի իշխանության եւ ժողովրդի միջեւ առաջացած անջրպետով, բայց մենք կարող ենք պնդել, որ դա կեղծ փաստարկում է, որովհետեւ մեր ժողովրդի մեջ բնականից դա չի եղել, որ կոնկրետ անձանց խումբ թիրախավորվի: Դրա վառ ապացույցն այն է, որ այսքան արհավիրքներից հետո որեւէ մեկն իջեւանցիներին մի թթու խոսք չի ասում…

Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ ատելությունը, վիրավորանքը, խտրականությունը, որ արցախցիների հանդեպ տասնամյակներով ձեւավորվել է, եղել է ուղղորդված, որոշակի նպատակներ հետապնդող, եւ այդ նպատակներից որոշների իրականացումը մեր օրերում արդեն իսկ տեսնում ենք»:

Փաստաբանն ընդգծում է. «Այժմ նոր փուլ է սկսվել կամ շարունակվում է, որն ավելի վտանգավոր է: Եթե նախկինում ատելության խոսքը կամ խտրականությունը կարող էր դիտարկվել քաղաքական խոսքի համատեքստում եւ կենցաղում շատ ավելի քիչ արտահայտություններ էր ստանում, այսօր այդ խտրականությունն ու ատելությունն ուղղված են արդեն իրենց հայրենիքից վտարված, տարբեր լուրջ խնդիրներ եւ հոգեբանական ծանր վիճակ ունեցող արցախցիներին՝ արդեն Հայաստանի տարածքում: Ընդ որում, դա արդեն այնքան է արմատավորվել մեր բնակչության մեջ, որ դրանից ձերբազատվելը բավականին լուրջ պրոցես է: Բարեբախտաբար, դա քանակական ցուցանիշ չէ, երբ ասում ենք՝ շատ է եւ խորն է: Մեր բնակչության մեծագույն մասը ապրումակցում է Արցախի իր քույրերին եւ եղբայրներին, փորձում օգնել, օժանդակել, համատեղ գաղափարների իրականացման համար շարունակում իրենց ամենօրյա քայլերը»:

Փաստաբանն ասաց, որ խտրականության դեպքերի օրինակներ շատ են, ու թվեց մի քանիսը՝ հավելելով, որ խտրականություն դրսեւորվում է եւ անձանց, եւ պետության կողմից, եւ հաճախ իշխանությունների դրդմամբ. «Առաջին օրերին, երբ արցախահայությունը մեծ զանգվածներով տեղափոխվում էր Հայաստանի Հանրապետության տարածք, որոշակի խնդիրներ առաջացան, օրինակ, բնակարանների վարձակալության հարցով: Հայտնվեցին անձինք, որոնք հայտարարում էին, թե արցախցիներին վարձով բնակարան չենք տալիս…»: Նա նաեւ հիշեցրեց, որ սպասարկման ոլորտում էլ արցախցիների հանդեպ խտրականության դրսեւորումներ են եղել, բարեբախտաբար դրանք մեծ թիվ չեն կազմել: Հովհաննես Խուդոյանը համոզված է, որ չափն անցնելու դեպքում պետք է դիմել իրավական գործիքների:


  • Կիսվել: