Արվեստ՝ ավերակների մեջ. թուրք վիպասանն իր էջում տեղադրել է Շուշիի Մայր տաճարում հայ թավջութակահարի կատարումը
Թուրք վիպասան Էլիֆ Շաֆաքը, որին Թուրքիայում մեղադրանք էր առաջադրվել թրքությունը վիրավորելու համար, Թվիթերի իր էջում կիսվել է Շուշիի՝ ադրբեջանական հրետակոծությունից ավերված Մայր տաճարում թավջութակահար Սեւակ Ավանեսյանի կատարման տեսանյութով: «Այս գրառումը բոլոր նրանց համար է, որոնք հավատում են խաղաղությանը և չեն դադարում խաղաղություն քարոզել… արվեստ՝ ավերակների մեջ: Շնորհակալություն Կարո Փայլանին, կիսելու համար»,- Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարման տեսանյութը մակագրել է Էլիֆ Շաֆաքը: Գրառումը բացասական արձագանք է գտել թուրք և ադրբեջանցի օգտատերերի շրջանում,- գրում է Ermenihaber-ը։ Նրանք Շաֆաքի հասցեին անպարկեշտ և սպառնալից գրառումներ են արել։ Ոմանք անգամ պահանջել են, որ Արդբեջանում դադարեցվի նրա գրքերի վաճառքը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ բոյկոտից անմիջապես հետո Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել են Շաֆաքի գրքերի վաճառքը։ Հատկանշական է, ով կողմ է արտահայտվում խաղաղությանը, թուրք-ադրբեջանական հասարակությունում ընկալվում է իբրև ազգի դավաճան։ Էլիֆ Շաֆաքի՝ խաղաղությանը միտված չեզոք գրառումը թուրքական լրատվամիջոցները մեկնաբանեցին որպես աջակցություն Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի։