հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում

Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքներում պետական նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքների և, առհասարակ, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու կառավարության ծրագրերը, պատասխանել ներկաների հարցերին: Բնակիչների հարցերը հիմնականում վերաբերում էին ջրամատակարարմանը, բնակարանային շինարարությանը, պետական աջակցության ծրագրերի առանձին դրույթների:
 
«Տեղերում անմիջական շփումները բնակիչների հետ ճշգրիտ տեղեկատվություն են ապահովում և ուղղակիորեն ազդում կառավարության աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա, որի միակ հասցեատերը այդ նույն բնակիչն է, նրա ֆիզիկապես, հոգեպես անվտանգ ու սոցիալապես ապահով ապագան: Հանրապետության իշխանությունները քաղաքացիներից ակնկալում են նախաձեռնողականություն ու սրտացավություն պետական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացներում՝ նպատակ ունենալով արդյունավետ ու ներառական կերպով լուծել հանրային ու անհատական հիմնախնդիրները»,- նշել է պետնախարարը:
 
Արտակ Բեգլարյանն աշխատանքային այցի շրջանակներում Վերին Հոռաթաղում մասնակցել է «Արմաթ» լաբորատորիայի բացմանը, ինչը 5-րդն է ընթացիկ տարում: Նա կարևորել է «Արմաթ» լաբորատորիաների ցանցի ընդլայնումը՝ շեշտադրելով կառավարության պատրաստակամությունը նպաստելու նմանօրինակ կրթական ծրագրերի կյանքի կոչմանը:
 
Պետական նախարարը այցելել է նաև Գետավանի տեղամասային հիվանդանոց, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել շենքային պայմաններին, լսել հիվանդանոցի հետագա գործունեությանն ու առկա պայմանների բարելավմանն առնչվող առաջարկները: Պետնախարարն ընդգծել է, որ մշակվում են ծրագրեր տեղամասային հիվանդանոցների կարողությունները և քաղաքացիների բուժսպասարկման մատչելիության մակարդակը նշանակալիորեն բարելավելու ուղղությամբ:
 
Ա. Բեգլարյանի հաջորդ կանգառը Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում էր, որտեղ լայն թափով բնակարանաշինական ու ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում:
 
Պետական նախարարի հագեցած աշխատանքային օրվա ավարտը Վաղուհասում էր: Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել ու գիշերել է Խաչատրյանների բազմազավակ ընտանիքում, որտեղ և անմիջական մթնոլորտում նա հաղորդակից է դարձել գյուղի և գյուղացու առօրյային ու հիմնախնդիրներին:

  • Կիսվել: