հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը Մարտունու գյուղերում էր

Արտակ Բեգլարյանը Մարտունու գյուղերում էր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 14-ին աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ և Հաղորտի համայնքներում: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի հետ պետական նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալով տեղերում առկա ներուժի ու խնդիրների մասին:

Պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է բնակիչների բարձրացրած հիմնահարցերին, մանրամասնել մի շարք ոլորտներում պետական քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները: Արտակ Բեգլարյանն իր խոսքում կարևորել է համայնքային կյանքի ու նախաձեռնողականության նշանակությունը բարձրացված հիմնախնդիրների լուծման գործում:

Նա ընդգծել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է լինելու կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրել կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ այս անգամ հանդիպումները տեղի են ունենում մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ մարմինների հետ համագործակցության միջոցով բարձրացնել որոշ հիմնախնդիրների լուծման արդյունավետության մակարդակը:

  • Կիսվել: