երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Վիեննայում

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Վիեննայում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նոյեմբերի 4-ին Ավստրիայի Իննսբրուք քաղաքում մասնակցելով Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին՝ հետդարձի ճանապարհին մեկուկես օր մնացի նաև Վիեննայում՝ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով:
• Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Գուդրուն Կուգլերի հետ հանդիպումը բավականին ջերմ անցավ: Նա հետաքրքրվեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգով, սպառնալիքներով և հակամարտությամբ:
• Հպարտ էի հանդիպել Վիեննայի օմբուդսմեն, մեր հայրենակից Նարեկ Պետրոսյանի հետ: Նրա հետ զրույցի արդյունքում ծանոթացա մարդու իրավունքների պաշտպանության ավստրիական մոդելին և մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ:
• Ավստրիայում ՀՀ դեսպանության շենքում հանդիպեցի տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Խոսեցինք ոչ միայն Արցախի, այլ նաև համահայկական որոշ թեմաներից: Ուրախ էի տեսնել հայրենիքով ապրող այդքան ազգակիցներ փոքրաքանակ այդ համայնքում:
• Առանձին հանդիպումներ եմ ունեցել նաև Ավստրիայում ասորական և քրդական մեծաքանակ համայնքների ղեկավարության հետ՝ նրանց հետ քննարկելով Թուրքիայում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորել ենք խաղաղ և կայուն միջավայրում բոլոր ժողովուրդների արժանապատիվ կյանքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Թուրքիայի ցեղասպանական գործողությունների անթույլատրելիությունը:
• Հասցրեցի նաև հանդիպել Վիեննայում գործող առաջատար վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարությանը (անունները դեռ չեմ հրապարակում նպատակայնորեն), որի ժամանակ ներկայացրել եմ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հարուցած սպառնալիքները Արցախի բնակչության իրավունքների հանդեպ:
Բոլոր հանդիպումներն ավարտել եմ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, որոնց մասին դեռ չեմ հրապարակայնացնում՝ կողմնակի միջամտություններից խուսափելու համար:
Շնորհակալ եմ Ավստրիայում ՀՀ դեսպանության անձնակազմին՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ, և Ավստրիայում Հայ դատի գրասենյակին՝ Գևորգ Հակոբջյանի գլխավորությամբ՝ իմ այցին համակողմանիորեն աջակցելու համար:

  • Կիսվել: